ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (ՍԱԶԲ) հետ համագործակցության շարունակական ընդլայնման հույս ունի, երեքշաբթի հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
«Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովի հետ հանդիպման ընթացքում նախագահը շնորհավորել է նրան` Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նման հեղինակավոր ֆինանսական կազմակերպության նախագահ ընտրվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ Հայաստանի հետ բանկի համագործակցությունը շարունակաբար կընդլայնվի: Հանրապետության ղեկավարը նշել է, որ բանկի ակտիվ գործունեության համար մեր երկրում կան բոլոր հնարավորությունները», - նշվում է տեղեկատվության մեջ:
Բանկի պատվիրակությունը՝ Անդրեյ Կոնդակովի գլխավորությամբ, երկուշաբթի ժամանել է Հայաստան:
Սերժ Սարգսյանը ողջունել է նաև տնտեսության իրական հատվածի ֆինանսավորմանն ուղղված Սևծովյան առևտրի և զարգացման բանկի գործունեությունը` կարևորելով բանկի կողմից տրամադրվող միջոցների մատչելիությունը:
Անդրեյ Կոնդակովը նախագահ Սարգսյանին ներկայացրել է բանկի անցած տասնմեկ տարվա գործունեության ընթացքում արձանագրած հաջողություններն ու հետագա զարգացման ծրագրերը: Նա բարձր է գնահատել Հայաստանի` իբրև բանկի բաժնետերերից մեկի, ակտիվ մասնակցությանը բանկի կապիտալի համալրմանը` դա համարելով քաղաքական աջակցություն, որը չափազանց գնահատելի է:
Բանկի նախագահի հավաստմամբ, կապիտալի ավելացումը հնարավորություն կտա բանկին ընդլայնել գործունեությունն ու հանդես գալ անդամ երկրների տնտեսական զարգացումը խթանող նոր նախագծերով:
Կողմերը քննարկել են Հայաստանի տնտեսության մեջ բանկի ներգրավվածության ընդլայմանն առնչվող ծրագրեր և նոր գաղափարներ:
Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (ՍԱԶԲ) միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է, որը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հետ կապված մարմնի կարգավիճակ ունի: Բանկում ՌԴ-ի, Հունաստանի և Թուրքիայի մասնաբաժինները կազմում են 16,5-ական տոկոս, Բուլղարիան, Ռումինիան, Ուկրաինան ունեն 13,5-ական տոկոս, Ալբանիային և Ադրբեջանին են պատկանում կանոնադրական կապիտալի 2-ական տոկոսը, Հայաստանին, Վրաստանին և Մոլդովային՝ 1-ական տոկոսը:
ՍԱԶԲ-ի գործունեության առաջնահերթ ուղղություններն են անդամ-երկրների համար փոխադարձ շահ ներկայացնող նախագծերի ֆինանսավորումը, մասնավորապես՝ էներգետիկայի, տրանսպորտի և արդյունաբերության ոլորտների նախագծերի ֆինանսավորումը, ինչպես նաև առևտրային գործողությունների վարկավորումը:
1999 թ.-ից ի վեր՝ ՍԱԶԲ-ն ֆինանսավորել է 220 նախագիծ՝ տրամադրելով շուրջ 3 միլիարդ դոլար: Այժմ իրական նախագծերի ակտիվ պորտֆելը կազմում է 1,5 միլիարդ դոլար, որում այս պահին կա 106 պորտֆել:-0-