Հայ հնագետները Արենի-1 քարանձավային համալիրում (Վայոց Ձորի մարզ) էնեոլիթի դարաշրջանի այծի մումիա են պեղել, որը եգիպտական մումիաներից մոտավորապես հազար տարով ավելի հին է, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց պեղումների հայկական արշավախմբի ղեկավար Բորիս Գասպարյանը։
Արենի-1-ի պեղումներն իրականացվում են Կալիֆոռնիայի համալսարանի (ԱՄՆ) և Քերքի համալսարանի (Իռլանդիա) հնագետների հետ համատեղ:
«Շատ լավ են պահպանված կենդանու կաշին, մկաններն ու կողերը, ինչը բացառիկ հնարավորություն է ընձեռում գենետիկ ԴՆԹ անալիզի օգնությամբ որոշել կենդանու գենետիկ կոդը», - ասաց Գասպարյանը:
Հնագետի խոսքերով՝ գենետիկ կոդի սահմանումը բացառիկ հնարավորություն կընձեռի հետևել կենդանու այս տեսակի գենետիկ էվոլյուցիային, պատկերացում կազմել այդ դարաշրջանի անասնապահության մասին:
«Պատմության խորքը թափանցելու համար նման բացառիկ բանալիներ մարդկանց տրվում են ընդամենը մեկ անգամ», - ասաց Գասպարյանն՝ ավելացնելով, որ այծի մումիֆիկացումը ոչ մի ընդհանուր բան չունի Եգիպտոսում մարդկանց մումիֆիկացման սկզբունքների հետ:
«Եգիպտոսում մումիֆիկացման գործընթացն իրականացնում էին մարդիկ որոշակի դեղամիջոցների օգնությամբ, իսկ Արենի-1-ում գտնված այծի մումիֆիկացման հետ մարդը որևէ կապ չունի», - ասաց նա՝ պարզաբանելով, որ քարանձավային համալիրում բնությունն այնպիսի միջավայր է ստեղծել, որում ցանկացած օրգանիզմ անցնում էր բնական մումիֆիկացման գործընթացի միջով:-0-