Հնագետները Հայաստանում վեց հազար տարվա վաղեմության զգեստ են պեղել

26.10.2010, 13:26
Հնագետները Հայաստանում վեց հազար տարվա վաղեմության զգեստ են պեղել
Հնագետները Հայաստանում վեց հազար տարվա վաղեմության զգեստ են պեղել

Հայ հնագետներն Արենի-1 քարանձավային համալիրում (Վայոց Ձորի մարզ) վեց հազար տարվա վաղեմության (մ.թ.ա.3900-3600) եղինջից կարված զգեստ են պեղել, երեքշաբթի հայտնեց Արենի 1-ի պեղումների հայկական արշավախմբի ղեկավար, հնագետ Բորիս Գասպարյանը։

«Այս գտածոն բացառիկ հնարավորություն է ընձեռում պատկերացում կազմել էնեոլիթի դարաշրջանի մարդկանց ոչ միայն հագուստի, այլ նաև արհեստների մասին, մասնավորապես, վեց հազար տարի առաջ տեքստիլի արտադրության մասին»,- լրագրողներին ասաց Գասպարյանը։

Հնագետի խոսքերով, պեղումների ընթացքում գտնվել են նաև եղինջի թելեր և զամբյուղներ, որոնք, հավանաբար, մանկական օրորոցներ են եղել։ Հայտնաբերվել են նաև զարդանախշերով եղինջի կտորի հատվածներ, որոնք շատ հաճախ են հանդիպում հայկական գորգերում առայօսր։

Արենի 1 համալիրի պեղումները սկսվել են 2007 թվականին։ 2008 թվականին քարանձավում գտնվել է կաշվե կոշկի հնագույն նմուշ։

Հնդկական մոկասիններ հիշեցնող «ոտնամանը» պատրաստված է կաշվի մեկ կտորից, ունեցել է 23,5 սանտիմետր երկարություն (ինչը համապատասխանում է 37-րդ համարին) և 7,6-ից տասը սանտիմետր լայնություն։ Դատելով ձևից՝ այն կրել են աջ ոտքին։ Այն պահին, երբ հնագետները հայտնաբերել են այդ մոկասինը, այն լցված է եղել ծղոտով, և, հնարավոր է՝ պատրաստված է եղել նորոգման կամ երկարատև պահպանման համար։

Տվյալները ցույց են տվել, որ կոշիկի այս նմուշը պատրաստվել է մ.թ.ա. 3627-ից 3377 թվականների միջև ընկած ժամանակահատվածում կամ մոտ 5 հազար տարի առաջ։-0-