ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյի համերգն առաջին անգամ կանցկացվի Երևանում դեկտեմբերի 3-ին «Երևանյան հեռանկարներ» միջազգային 11-րդ փառատոնի աշնանային համերգաշրջանի շրջանակներում, ասաց փառատոնի նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը:
Փառատոնը Հայաստանում անցկացվում է 11 տարի անընդմեջ «21-ի հեռանկարներ» անվանումով, սակայն այս տարի վերանվանվել է «Երևանյան հեռանկարներ»:
Փառատոնի շրջանակներում Հայաստանում ելույթ են ունեցել համաշխարհային մեծության այնպիսի աստղեր, ինչպիսիք են Յուրի Բաշմետը, Վիկտոր Տրետյակովը, Սթիվեն Իսերլիսը, Քշիշտոֆ Պենդերեցկին, Պինկաս Ցուկերմանը, ինչպես նաև Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը:
«Մենք շատ ուրախ ենք, որ նա ինքն է նշանակել իր ժամանման ամսաթիվը: Դա շատ բարդ էր, որովհետև երգիչը համերգ է նշանակել իր վիրահատությունից անմիջապես հետո, ընդ որում՝ երբ նա աշխարհի երկու խոշորագույն ՝ Վաշինգտոնի և Լոս Անջելեսի օպերային թատրոնների գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն է»,- երկուշաբթի լրագրողներին ասաց Ռոստոմյանը:
Փառատոնի նախագահի խոսքերով, Դոմինգոն, ով հայկական ծագում ունեցող մի շարք աշխարհահռչակ աստղերի, մասնավորապես, Շարլ Ազնավուրի, բարեկամն է, իր ուրախությունն է հայտնել Հայաստան գալու կապակցությամբ:
Ռոստոմյանը նշեց, որ Դոմինգոն հանդես կգա սոպրանո և «Գրեմի» երաժշտական մրցանակի դափնեկիր Աննա Մարտինեսի հետ՝ դիրիժոր Իսրայել Գուրսկու ղեկավարությամբ:
Երգչի երգացանկը բաղկացած կլինի երկու հիմնական մասից՝ դասական, որն ընդգրկում է հայտնի կոմպոզիտորների օպերաներ, և նեապոլիտանական երգերից բաղկացած փոփ բաժին:
Ռոստոմյանն ընդգծեց, որ տենորը, հնարավոր է, կերգի հայ հայտնի օպերային երգիչ Բարսեղ Թումանյանի հետ, ծրագրվում է նաև հայ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարած նվագախմբի ելույթը:
«Երևանյան հեռանկարներ» ամենամյա 11-րդ երաժշտական փառատոնն անցկացվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, Հայաստանի մշակույթի նախարարության հետ համագործակցությամբ: Այս տարի փառատոնը բացվել է մարտի 6-ին՝ աշխարհահռչակ ջութակահար Պինհաս Ցուկերմանի ելույթով: -0-