Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման կոչ է անում

25.10.2010, 14:12
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման կոչ է անում

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպտության գագաթաժողովի մասնակիցներն իրենց  եզրափակիչ բանաձևում դրույթ ընգրկեցին, որում արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման կոչ է արվում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ 

Գագաթաժողովը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-24-ը շվեյցարական Մոնտրո քաղաքում։ Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Մենք վերահաստատում ենք մեր անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Մենք կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին ձեռնպահ մնալ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կվտանգի խաղաղ գործընթացի ապագան»,- ասվում է բանաձևում։

Գագաթաժողովի մասնակիցները կոչ են արել հակամարտության  կողմերին՝ շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքների ամբողջության հիման վրա` որպես այս հակամարտության հավասարակշռված և երկարատև կարգավորման հիմք։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-