Կառավարության հակաճգնաժամային բոլոր հիմնական նախաձեռնություններն աջակցություն են ստացել խորհրդարանում. նախագահ

22.10.2010, 16:41
Կառավարության հակաճգնաժամային բոլոր հիմնական նախաձեռնություններն աջակցություն են ստացել խորհրդարանում. նախագահ
Կառավարության հակաճգնաժամային բոլոր հիմնական նախաձեռնություններն աջակցություն են ստացել խորհրդարանում. նախագահ

Կառավարության հակաճգնաժամային բոլոր հիմնական նախաձեռնություններն աջակցություն են ստացել խորհրդարանում, ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով Ազգային ժողովի նիստերի նորոգված դահլիճի բացմանը։

«Խորհրդարանն ունի ոչ միայն օրենսդիր առաքելություն, այլև կարևորագույն դերակատարում իշխանությունների տարանջատման, հավասարակշռման գործում: Այս առումով, ուզում եմ նաև գոհունակությամբ արձանագրել, որ խորհրդարանը Հայաստանի համար ծանր ժամանակաշրջանում գործադրի հետ կիսեց երկիրը ֆինանսատնտեսական ճգնաժամից դուրս բերելու լուծը, վերցրեց և կրեց պատասխանատվության իր բաժինը»,- ասաց նա։

Հայկական պետության ղեկավարը հավելեց, որ աշխարհը ցնցած ու հայկական տնտեսությունից տասնյակ անգամ ավելի հզոր տնտեսություններ ծնկի բերած ճգնաժամի ծավալման ամիսներին գործադիր և օրենսդիր իշխանությունների համահունչ, ներդաշնակ ճիշտ քայլերի արդյունքում վայրկյան անգամ չուշացան և չկրճատվեցին ուսուցչի աշխատավարձն ու տարեցի կենսաթոշակը, չդանդաղեց բանակի մարտունակության անընդհատ բարձրացման տեմպը:

«Ճգնաժամի փորձությանը դիմակայելու, բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու հավաքական ունակությունը չորրորդ գումարման Ազգային ժողովի կենսունակության և պետական համակարգում հայոց խորհրդարանի կարևորագույն դերի լավագույն վկայությունն է: Ավելին` վերջին տարիների զարգացումներն ապացուցեցին սահմանադրական բարեփոխումների կարևորությունը, փոփոխված Սահմանադրության կենսունակությունն ու փորձությունների առջև հայոց պետականության ամրությունը:»,- ասաց Սարգսյանը։

Նախագահը նշեց, որ հայ ժողովրդի ստեղծագործական ձիրքն ու տաղանդը դրսևորվել են մայրաքաղաքի այս հիասքանչ կառույցում` խորհրդարանի շենքում, որը քսաներորդ դարի հայ ճարտարապետության լավագույն ձեռքբերումների արտացոլումն է

«Վստահ եմ, որ այստեղ երբեք չեն դադարելու մեր պետականության ու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ջանքերը»,- ասաց նա։
 
Սարգսյանն ավելացրեց, որ հաճելի է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն այսուհետ իր նիստերը կանցկացնի նոր դահլիճում, որը վերակառուցվել է` հաշվի առնելով տարբեր երկրների օրինակը:

«Յուրաքանչյուր խորհրդարան կոչված է ներկայացնելու իր ժողովրդի կամքը, ընտրողների բոլոր շերտերը, նրանց շահերը, հույսերն ու իղձերը: Ընտրելով մեր հասարակական և քաղաքական կյանքի կազմակերպման ժողովրդավարական ճանապարհը ` մենք ևս որդեգրել ենք հայտնի չափանիշներով առաջ շարժվելու ուղին: Անչափ կարևորում եմ Հայաստանի ժողովրդի խորապես մտածված և կշռադատված այդ ընտրությունը»,- ասաց նախագահը։

Հայաստանի խորհրդարանի նիստերի դահլիճի նորոգման աշխատանքները սկսվել էին մայիսին, ինչի կապակցությամբ Ազգային ժողովը ժամանակավորապես իր նիստերն անցկացնում էր կառավարության նիստերի մեծ դահլիճում։ Նորոգմանը հատկացվել է 1,3 միլիոն դոլար։ Նոր նախագծով լրագրողներին հատկացվել է հատուկ սենյակ, ևս մեկը նախատեսված է հեռուստաօպերատորների համար։  -0-