Ուրբաթ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Մեծ Բրիտանիայի նոր ռազմական կցորդ Սթիվ Ֆիլիպսի հետ հանդիպման ժամանակ քննարկել է ռազմական համագործակցության հայ-բրիտանական զարգացման հարցերը, հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպմանը մասնակցել է Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդիլին և նախկին ռազմական կցորդ, փոխգնդապետ Նիք Ռիդաութը:
«Օհանյանը բարձր է գնահատել Ռիդաութի գործունեությունը հայ-բրիտանական ռազմական համագործակցության զարգացման ուղղությամբ` մաղթելով նրան հաջողություններ հետագա ծառայության մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Միաժամանակ, շնորհավորելով փոխգնդապետ Ս. Ֆիլիպսին Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության ռազմական կցորդի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարը համոզմունք է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-բրիտանական ռազմական համագործակցությունն առավել կընդլայնվի և կամրապնդվի:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ ռազմական համագործակցության ընթացիկ խնդիրներ, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:-0-