Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերդձոր քաղաքում (նախկին Լաչին) գտնվող գիտական թանգարանը կբացվի այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին, տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, հնագետ Հակոբ Սիմոնյանը:
«Մենք արդեն գրանցել ենք շուրջ 500 թանգարանային ցուցանմուշ, որոնք հայտնաբերվել են Քաշաթաղի Կերեն գյուղի մոտակայքում իրականացված հնագիտական պեղումների արդյունքում», - ուրբաթ լրագրողներին ասաց նա՝ ավելացնելով, որ պեղումներն անցկացվել են 1996 թ.-ից Հայաստանից ժամանած մի խումբ կամավորների կողմից:
Հնագետը նշեց, որ գտնված բոլոր ցուցանմուշները վերականգնվել են խմբի անդամների կողմից և փոխանցվել են նոր թանգարան հիանալի վիճակում:
Սիմոնյանն ընդգծեց, որ ցուցանմուշները թվագրվում են մ.թ.ա. 7-5-րդ դարերով և պատկանում են Ուրարտու հնագույն թագավորության Երվանդունիների դինաստիային և մշակութային ոճով նման են պատմամշակութային հուշարձաններին, մասնավորապես՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում գտնված կավե արձանիկներին:
Փորձագետը հատուկ նշեց, որ հարկավոր է շարունակել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Սյունիքի մարզի հնագիտական պեղումները՝ Ադրբեջանի կեղծիքները նախապես կանխելու համար, որը բուն հայկական տարածքներն անվանում է «Արևմտյան Ադրբեջան»:
Հնագետ Արտակ Գնունին իր հերթին նշեց, որ ցուցանմուշները գտնվել են հնագույն դամբարանադաշտում, որը թվագրվում է մ.թ.ա. առաջին հազարամյակով:
Միաժամանակ նա մտահոգություն հայտնեց գերեզմանների վիճակի կապակցությամբ, քանի որ դրանք եղանակային դրսևորումների, մասնավորապես՝ անձրևների հետևանքով և այդ հատվածում իրականացվող ճանապարհաշինարակական աշխատանքների ու գանձերի կողոպտիչների գործողությունների պատճառով ենթարկվում են մշտական ավերման:
Միաժամանակ հնագետը գոհունակությամբ նշեց, որ այս տարի ԼՂՀ իշխանությունները պեղումների իրականացման համար որոշակի ֆինանսական միջոցներ են հատկացրել՝ չնշելով տրամադրված գումարի չափը:
Այս շրջանի հնագիտական պեղումների ֆինանսավորումը հիմնականում ապահովում է ՀՀ մշակույթի նախարարությունը:-0-