Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Եվրոպայի 2012 թ.-ի առաջնության եզրափակիչ դուրս գալու մեծ հնարավորություններ ունի, ասել է Սլովակիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահության անդամ Ուիլյամ Ֆիշերը ֆեդերացիայի նախագահության ղեկավարների, Եվրոպայի հայկական ասոցիացիաների ֆորումի նախագահ և Սլովակիայի հայկական համայնքի ղեկավար Աշոտ Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ, նշվում է Եվրոպայի հայկական ասոցիացիաների ֆորումի տեղեկատվության մեջ:
Տեղեկատվության համաձայն՝ Սլովակիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահության ղեկավարները բարձր են գնահատել Հայաստանի հավաքականի խաղը՝ ֆուտբոլիստներին մաղթելով հաջողություններ և որակյալ խաղ, որի ականատեսն էին Երևանում:
Տեղեկատվության համաձայն՝ սլովակ մասնագետները մտադիր են Սլովակիայի լավագույն ակումբներ հրավիրել Հայաստանի հավաքականում հանդես եկող մի քանի հարձակվողների:
Ֆուտբոլի ՀՀ հավաքականը պատմության մեջ առաջին անգամ ՖԻՖԱ-ի վարկանիշում 60-րդ տեղն է զբաղեցրել՝ միանգամից 45 կետով բարձրանալով։
Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին երեք խաղերում հայ ֆուտբոլիստները մակեդոնիացիների հետ ոչ-ոքի են խաղացել՝ 2;2 հաշվով, այնուհետև հաղթել են սլովակներին և անդորրացիներին՝ 3;1 և 4;0 հաշվով համապատասխանաբար՝ երեք խաղերի ընթացքում 9 գնդակ խփելով։
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Եվրո-2012-ի ընտրական խմբում զբաղեցնում է երրորդ տեղը՝ առաջին անգամ ձեռք բերելով առաջնության եզրափակիչ դուրս գալու բոլոր հնարավորությունները:
Անդորրայի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո ֆուտբոլիստները չորս հանդիպումներում վաստակել են յոթ միավոր երկրորդ տեղը զբաղեցնող իռլանդացիների պես, սակայն իռլանդացիներն ավելի առաջ են, քանի որ հայերը 0:1 հաշվով պարտություն են կրել նրանցից:
Խմբում միանձնյա առաջատարի դիրքում են ռուսները՝ հավաքելով ինը միավոր:
2010 թ.-ի հանդիպումների արդյունքներով յոթ միավորով չորրորդ տեղում է Սլովակիայի հավաքականը՝ երեքշաբթի իռլանդացիների հետ խաղն ավարտելով ոչ-ոքի (1:1), սակայն հայ ֆուտբոլիստների հետ իրենց նախկին հանդիպման ժամանակ պարտություն կրելով 3:1 խոշոր հաշվով: Չորս միավորով հինգերորդ տեղում են մակեդոնացիները: Անդորրան, չվաստակելով ոչ մի միավոր, եզրափակում է մրցաշարային աղյուսակը: --0--