Հայաստանը դյուրացրել է կենդանական ծագում ունեցող ապրանքների ներկրման և արտահանման փաստաթղթերի ձևակերպման կարգը

21.10.2010, 19:16
Հայաստանը դյուրացրել է կենդանական ծագում ունեցող ապրանքների ներկրման և արտահանման փաստաթղթերի ձևակերպման կարգը
Հայաստանը դյուրացրել է կենդանական ծագում ունեցող ապրանքների ներկրման և արտահանման փաստաթղթերի ձևակերպման կարգը

ՀՀ կառավարությունը դյուրացրել է կենդանիների, կենդանական ծագման մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների և սննդամթերքի ներմուծման, արտահանման, հանրապետության տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի և անվտանգության սերտիֆիկատների տրման կարգը, դրանց փոխադրման, ԱՊՀ երկրներ արտահանման համար տրվող անասնաբուժական սերտիֆիկատների, ՀՀ ներկրվող և ՀՀ-ից արտահանվող սննդամթերքի համար տրվող անվտանգության սերտիֆիկատների ձևերը:

Ինչպես հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, ավելի վաղ նախատեսվում  էր ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչություն պարտադիր դիմում ներկայացնել կենդանական ծագմամբ ապրանքի ներկրման կամ արտահանման համար թույլտվություն ստանալու համար:

Փոփոխություններով, նախարարի խոսքերով, նման անհրաժեշտությունը վերանում է, եթե արտահանողը կամ ներկրողն արդեն ունի լաբորատոր փորձաքննության եզրակացությունը:

«Փոփոխությունները հնարավորություն են ընձեռում դյուրացնել գյուղատնտեսական արտադրանքի ներկրման և արտահանման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման կարգը, ինչը թույլ կտա զգալիորեն ակտիվացնել և ընդլայնել արտադրողների մասնակցությունը արտադրանքի արտահանման և ներկրման հարցում», - ասաց Ալավերդյանը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին նշեց, որ որոշումների այս փաթեթի նպատակը բարենպաստ պայմանների ստեղծումն է գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համար:

«Գործընթացը դառնում է ավելի թեթև և պարզ, ու մեր ֆերմերները կկարողանան առանց խոչընդոտի արտահանել սեփական արտադրանքը», - ասաց Սարգսյանը:-0-