Հոլոքոստի հուշարձանի պղծումը վրդովեցուցիչ և դատապարտելի արարք է. Հայ Առաքելական Եկեղեցի
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել, որում Երևանում Հոլոքոստի հուշարձանի պղծումը վրդովեցուցիչ և դատապարտելի արարք է բնութագրել։
Նախօրեին Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը հայտարարել էր Երևանում Հոլոքոստի զոհերին նվիրված հուշարձանի պղծման մասին։ Հուշահամալիրի դիմային հատվածը ներկով են պատել, իսկ նրա հակառակ կողմում թողել են կեռխաչ և հակասեմիթական բնույթի գրություն։
«Հուշարձանի պղծումն ու այլատյաց ոգով արված գրությունը վկայում են արարքի հեղինակների նեղմտության մասին»,- ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած հաղորդագրությունում։
«Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը բազմիցս ամենատարբեր առիթներով դատապարտել է ժողովուրդների միջև թշնամություն տարածելու նմանատիպ գործողությունները, մասնավորապես, ազգային սրբություններ և նվիրական հիշատակներ համարվող հուշարձանների պղծումն ու վանդալական ոչնչացումը»,- նշվում է փաստաթղթում։
Հայտարարությունում ընդգծվում է, որ Հայ Եկեղեցին, գիտակցելով ազգային սրբությունների բացառիկ արժեքը, նույն ընկալումով է մոտենում նաև բոլոր ժողովուրդների սրբություններին ու նվիրական հիշատակներին:
«Այս առումով խստորեն դատապարտելի է մանավանդ Հայաստանում նմանատիպ անմարդկային հանցագործության առկայությունը: Ազգային փոքրամասնությունների նվիրական հուշարձանների հանդեպ կատարված ոտնձգությունները հարիր չեն Ցեղասպանություն ապրած և աշխարհի ամենատարբեր երկրներում իբրև ազգային փոքրամասնություն ներկայացող հայ ժողովրդի զավակներին»,- նշվում է հաղորդագրությունում։ -0-