Երևանը հույս ունի, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնություններ և լուծումներ կգտնվեն բանակցությունների միջոցով

21.10.2010, 14:43
Երևանը հույս ունի, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնություններ և լուծումներ կգտնվեն բանակցությունների միջոցով
Երևանը հույս ունի, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնություններ և լուծումներ կգտնվեն բանակցությունների միջոցով

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով լրատվամիջոցների՝ Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ հարցին, հույս է հայտնել, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնություններ և լուծումներ կգտնվեն բանակցությունների միջոցով, հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները, իհարկե, պետք է հարգվեն ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունների կողմից, ինչպես դա պահանջում է ՄԱԿ-ի կանոնադրությունը: Չենք կարծում, որ ուժային մեթոդներով կամ պատժամիջոցներով  կարելի է լուծումներ գտնել»,- ասել է Նալբանդյանը:  

Միաժամանակ, նա նշել է, որ Հայաստանն Իրանի հետ դինամիկ զարգացող հարաբերություններ ունի:

«Մենք լավ տնտեսական համագործակցություն ունենք, իրականացրել և շարունակում ենք իրականացնել տարբեր համատեղ  ծրագրեր, հատկապես` էներգետիկ և տրանսպորտի բնագավառներում», - ասել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը:

Նա նշել է նաև ակտիվ շփումները, փոխայցելությունները: «Վերջերս ես գտնվում էի Իրանում, ներկայումս պատրաստում ենք Հայաստանի վարչապետի այցելությունը Իրան, մի քանի օր առաջ Հայաստանում էր Իրանի Խորհրդարանի նախագահ Լարիջանին»,- ասել է նա:

«Մեր հարաբերությունները փոխշահավետ են և մտադիր ենք դրանք զարգացնել»,- ավելացրել է նա: -0-