Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը վերապահում է համարում ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից «բռնազավթած» տարածքներ եզրույթի օգտագործումը։
ԵԱՀԿ-ի վերջերս տարածած հայտարարությունում ասվում էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) և Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) անցկացրել են Լեռնային Ղարաբաղի շուրջ «օկուպացված» տարածքների գնահատման դաշտային առաքելությունը։ Բացի այդ, փաստաթղթում ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտը նաև «Խանքենդի» է անվանվել։
«Բռնազավթած» եզրույթը այսօր քիչ է օգտագործվում։ Եվ սա նաև գործընթացի էվոլյուցիա է։ Կարծում եմ, որ այստեղ վերապահում է կատարվել»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց նախարարը։
Նալբանդյանն ընդգծեց, որ իրենց միջնորդական առաքելության շարունակման համար համանախագահները պետք է հավասարակշռություն և կողմերի նկատմամբ չեզոք դիրք պահպանեն՝ փորձելով աջակցել նրանց հակամարտության կարգավորման հարցում համաձայնության գալուն։
«Ես բացասաբար եմ վերաբերվում փաստաթղթում «Խանքենդի» անվան օգտագործմանը։ Սա սխալ ձևակերպում է, պետք է օգտագործվի Ստեփանակերտ, քանի որ սխալ կլինի, եթե մենք սկսենք օգտագործել այն անվանումները, որոնք հակամարտությունը սկսվելուց հետո փոխվել են»,- նշեց նախարարը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-