Հայաստանը հավատարիմ է Եվրոպայի Խորհրդում ստանձնած իր պարտավորություններին. Նալբանդյան

Հայաստանը հավատարիմ է Եվրոպայի Խորհրդին անդամակցության շրջանակներում ստանձնած իր պարտավորություններին, ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Եվրոպայի Խորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի» ֆորումի բացման ժամանակ:
«Հայաստանը շարունակում է ամրապնդել օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պահպանումը: Մենք բարձր ենք գնահատում այս ուղին հարթ անցնելու գործում մեր բարեկամների աջակցությունը», - ասաց Նալբանդյանը:
Նախարարը նշեց, որ Երևանում ֆորումի անցկացումը շատ պարտավորեցնող գործոն է:
«Հուսով ենք, որ ֆորումի մասնակիցներին կհաջողվի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի արդյունավետ քննարկումներ անցկացնել: Մեր կարծիքով՝ ֆորումը կարող է նպաստել Եվրոպայում ժողովրդավարական բարեփոխումների իրագործման գործընթացին», - ասաց Նալբանդյանը:
Նրա խոսքերով՝ ԵԽ բոլոր անդամ-երկրները ընդհանուր արժեհամակարգ են ընդունել:
«Եվրոպայի Խորհուրդն իր բովանդակցությամբ և նշանակությամբ կարևոր տեղ է զբաղեցնում միջազգային կազմակերպությունների շրջանում», - ասաց Նալբանդյանը:
Եվրոպայի Խորհրդի «Հանուն ժողովրդավարության» եռօրյա ֆորումը անցկացնում է բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյաների մասնակցությամբ: Ֆորումի ընթացքում կքննարկվեն Եվրոպայում ժողովրդավարության սկզբունքները և մարտահրավերները: Քննարկումներին կմասնակցեն եվրոպացի և հայ քաղաքական գործիչներ, քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվամիջոցների և գիտական շրջանակների ներկայացուցիչներ:
2005թ. Վարշավայում մեկնարկած Ֆորումն այնուհետև կազմակերպվել է Մոսկվայում (2006թ.), Ստոկհոլմում (2007թ.), Մադրիդում (2008թ.) և Կիևում (2009թ.)՝ անդրադառնալով քաղաքացիական մասնակցությանը, քաղաքական կուսակցությունների դերին, մարդու իրավունքների և ժողովրդավարության փոխկապվածությանը, էլ-ժողովրդավարությանը և ընտրական համակարգերին։-0-