ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ներկայումս Ռուսաստանի հայերի միությունը ՌԴ առաջատար կազմակերպություններից մեկն է, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնեց Ռուսաստանի հայերի միության և Հայկական համաշխարհային կոնգրեսի ղեկավար Արա Աբրահամյանը։
«Մենք արդեն 10 տարի գործում ենք, և հասարակական կազմակերպության համար դա նշանակալից տարեթիվ է։ 1999թ.-ին Ռուսաստանի շուրջ 300 հայկական կազմակերպությունների միավորելով՝ 2000թ.-ին մենք Ռուսաստանի հայերի միություն ենք ստեղծել։ 10 տարիների ընթացքում զարգանալով՝ այսօր մենք Ռուսաստանի առաջատար կազմակերպություններից մեկն ենք»,- ասաց Աբրահամյանը։
Ըստ նրա՝ ՌՀՄ-ն հատուկ տեղ է զբաղեցնում ռուսական իրականության մեջ, և ներկա է ՌԴ կյանքի բոլոր կարևոր ոլորտներում։
Մասնավորապես Աբրահամյանը հիշեցրեց, որ ՌՀՄ-ը հնարավորին օգնություն է ցուցաբերել Ռուսաստանին անտառային հրդեհների ժամանակ։
«Մենք նաև կարևոր գործ ենք կատարում Ռուսաստանի հայերի համախմբման, նրանց հայկական ինքնության, մշակույթի, հավատքի պահպանման հարցում։ Այս հարցում մենք ակտիվորեն համագործակցում ենք Հայ Առաքելական Եկեղեցու հետ»,- նշեց Աբրահամյանը։
Հոկտեմբերի 18-20-ը Հայաստանում միջոցառումներ են անցկացվում «Ռուսաստանի հայերի միության և Հայաստանում ու Արցախում Հայկական համաշխարհային կոնգրեսի օրեր - 2010» ծրագրի շրջանակներում։
Ռուսաստանի հայերի միությունը ստեղծվել է 2000թ.-ի հունիսի 16-ին։ Երկրորդ (արտահերթ) Համագումարը կայացել է 2003թ.-ի մարտի 22-ին։ Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ ստեղծվել է Հայկական համաշխարհային կոնգրեսը, որի հիմնադիր համագումարը կայացել է 2003թ.-ի հոկտեմբերի 6-ին Մոսկվայում՝ Միությունների տան Սյունազարդ դահլիճում։ Այդ համագումարի աշխատանքներին մասնակցել են Հայաստանի և Ռուսաստանի նախագահները։
Ռուսաստանի հայերի միության ստեղծման նախաձեռնողը և նախագահը ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարւ կամքի, հայտնի բարեգործ Արա Աբրահամյանն է։ -0-