Հայաստանի հարավում գործարկվել է աշխարհի ամենաերկար ռևերսային ճոպանուղին
Հայաստանի հարավում շաբաթ օրը տեղի է ունեցել միջնադարյան Տաթևի վանք տանող աշխարհի ամենաերկար ռևերսային ճոպանուղու տեխնիկական գործարկման հանդիսավոր արարողությունը, հաղորդել է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը:
Արարողությանը մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը: Ճոպանուղու բացման արարողությանը ներկա էին նաև ավելի քան 700 հյուրեր, որոնց թվում էին Հայաստանի, Ռուսաստանի, Արգենտինայի և այլ երկրների խոշոր բիզնեսի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, այդ թվում նաև համաշխարհային խոշոր հեռուստաալիքների նկարահանող խմբեր:
Ճոպանուղու գործարկումը նշանավորում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից իրականացվող «Տաթևի վերածնունդ» նախագծի մեկնարկը: Տաթևի ճոպանուղին կարող է ներառվել Գինեսի ռեկորդների գրքում, ինչի կապակցությամբ Գրքի հրատարակիչների հետ բանակցություններ են ընթանում:
Ինչպես հայտարարել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը, «Տաթևի վերածնունդ» նախագիծն ու ճոպանուղու կառուցումը մեծ հետաքրքրություն կառաջացնեն զբոսաշրջիկների և օտարերկրյա բիզնեսի շրջանում:
«Ձեռներեցները ենթակառուցվածքները զարգացնելու պատրաստակամություն են հայտնում, սակայն այդ գործընթացը շատ սահմանափակված կլինի: Այսպես, վանքի մոտակայքում ոչինչ չի կառուցվի», - ասել է նա: Փափազյանն ավելացրել է, որ շինարարությունը հիմնականում իրականացվելու է Հալիձորի համայնքում, որտեղ 2013 թ.-ին հյուրանոց կբացվի:
«Ռուբեն և Վերոնիկա Վարդանյաններ և ընկերներ» հիմնադրամի (նախագծի խոշոր հովանավոր) հիմնադիր, «Տրոյկա Դիալոգ» ռուսական խոշորագույն ներդրումային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը «Տաթևի վերածնունդ» նախագիծը համարել է կարևոր և հաջող:
«Սա սրբավայր է, և մենք պետք է փորձենք առավելագույնս օգնել, քանի որ այս վայրը պետք է դառնա ոչ միայն հայերի վերածնունդը: Սա հաջող նախագիծ է, և սա դեռ միայն ճանապարհի սկիզբն է», - ասել է նա:
Վարդանյանը նշել է, որ այս խոշոր նախագիծը շատ ջանքեր կպահանջի: «Հուսով ենք, որ մենք ի վիճակի կլինենք անցնել այդ ճանապարհը: Առաջին անգամ ես Տաթև եմ այցելել ութ տարի առաջ և մասնակցել եմ այս նախագծին», - ասել է նա:
Նախագծի շրջանակներում կառուցվել է 5,7 կմ երկարությամբ ճոպանուղին, վերականգնվում է 26 կմ երկարությամբ ճանապարհահատվածը, որը տանում է դեպի Տաթևի վանք: Ճոպանուղու ամենաբարձր կետը 330 մետր է, Հալիձոր գյուղից դեպի Տաթևի վանք տանող ճանապարհը կտևի 11 րոպե 25 վայրկյան:
«Տաթևի վերածնունդ» նախագիծը նախատեսում է վանքի բազմադարյա ավանդույթների վերականգնում, տուրիստական ենթակառուցվածքների ստեղծում: Բացի աշխարհի ամենաերկար ռևերսային ճոպանուղու կառուցումը, նախատեսվում է զարգացնել bed and breakfast տիպի իջևանատների ցանց, վերականգնել տեղական խոհանոցի ավանդույթները, ստեղծել տուրիստական արահետներ, թանգարաններ, Տաթևի վանական համալիրի մոտով հոսող գետի կիրճում գտնվող ճոպանուղու առաջին կայանի մոտ նոր հյուրանոց կառուցել:
Ծրագրի շրջանակներում արդեն ամբողջովին վերականգնվել է ձիթհանքը, որը 17-րդ դարի շինություն է՝ նախատեսված ձեթի արտադրության համար: Ձիթհանքը ոչ միայն պատմական և ճարտարապետական հուշարձան է, այլև թանգարան, որտեղ զբոսաշրջիկները կարող են ծանոթանալ միջնադարյան Հայաստանի մշակութային և խոհարարական ժառանգության հետ:
Տաթևի վանքը խոշոր մշակութային կենտրոն է եղել՝ ձեռագրատնով, արհեստանոցով, գրադարանով և ամենահայտնի համալսարաններից մեկով։—0—