ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը դեմ է ԵԽԽՎ-ում Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի ստեղծմանը, հինգշաբթի հայտնեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը։
Ըստ նրա տեղեկատվության՝ ԵԽԽՎ-ի նախագահ, Թուրքիայի ներկայացուցիչ Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ կրկին քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի հարցը։
«Այդ հարցում մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ մենք կարծում ենք, որ պետք չէ կրկրնել այն, ինչը ժամանակին արդեն ձախողվել է, իսկ բոլորին հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ նախկին հանձնաժողովը ձախողվել է»,- լրագրողներին ասաց Հարությունյանը։
Միաժամանակ նա նշեց, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը ամենևին դեմ չէ Ադրբեջանի պատվիրակության հետ շփումներին։
Նոյեմբերից ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունն անցնում է Թուրքիային։ Այդ կապակցությամբ Հարությունյանն ասաց, որ հայկական պատվիրակությունը մտադիր է հետագայում ևս աշխատել այնպես, ինչպես նախկինում է աշխատել։ Թուրքիան կնախագահի ԵԽ նախարարների կոմիտեում մինչև 2011թ.-ի մայիսը։
ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարը չբացառեց, որ ԵԽ օրակարգում Թուրքիայի նախագահության ժամանակ թուրքական հարցեր կհայտնվեն։
«Օբյեկտիվ պատճառներով Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի վերստեղծումը չի կարող արդյունավետ քայլ համարվել, քանի որ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- ասաց Հարությունյանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոսին»։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-