ՄԱԿ-ի 65-ամյակին նվիրված միջոցառումների միամսյակ է մեկնարկել Հայաստանում

14.10.2010, 16:40
ՄԱԿ-ի 65-ամյակին նվիրված միջոցառումների միամսյակ է մեկնարկել Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՄԱԿ-ի 65-ամյակին նվիրված միջոցառումների միամսյակ է մեկնարկել Հայաստանում` հանրապետությունում Կազմակերպության գործունեությանը նվիրված 50 պաստառների ցուցահանդեսի բացումով, ասաց ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն։

«Ես շատ երջանիկ եմ, որ Ազգային գրադարանը պաստառների ամենամեծ հավաքածուն ունի, և դուք լավ եք դրանք պահպանում։ Այս պաստառները տարբեր լեզուներով են՝ և հայերեն լեզվով, և շատ պաստառներ անգլերեն ու ռուսերեն լեզուներով են»,- ասաց Դոցենկոն հինգշաբթի Հայաստանի Ազգային գրադարանում ցուցահանդեսի բացման ընթացքում։

Հայաստանի Ազգային գրադարանում ցուցահանդեսը կտևի մոտ մեկ շաբաթ։

Նա նշեց, որ ՄԱԿ-ի մասին պաստառները բազմիցս առաջին տեղերն են զբաղեցրել տարբեր միջազգային ցուցահանդեսներում։

Դոցենկոյի խոսքերով, այսօրվա ցուցադրության բացումն առաջին միջոցառումն է Կազմակերպության 65-ամյակի տոնակատարության շրջանակներում։

Նա նշեց, որ մեկ ամսվա ընթացքում Հայաստանում ծրագրվում են նաև մի շարք ցուցահանդեսներ և համերգներ։ Այսպես, հոկտեմբերի 24-ին Երևանում տեղի կունենա համերգ հայ աստղերի մասնակցությամբ, ծրագրվում է նաև մանկական նկարների հոբելյանական ցուցահանդես ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում։

Իր հերթին Ազգային գրադարանի տնօրենի տեղակալ Ռաֆիկ Ղազարյանն ընդգծեց, որ ՄԱԿ-ի գործունեությունը շատ հարցերում զուգորդվում  է Ազգային գրադարանի գործունեության հետ, ինչը նպաստում է երկկողմ համագործակցությանը։

Ղազարյանը նշեց, որ Ազգային գրադարանում է գտնվում ՄԱԿ-ի դեպոզիտար գրադարանը, որն ունի ավելի քան 10 հազ. գիրք, իսկ միայն այս տարվա ընթացքում ՀԱԳ և ՄԱԿ-ի հայկական գրասենյակի համագործակցության շնորհիվ Հայաստանի մարզային գրադարանները համալրվել են Կազմակերպության գործունեությանը նվիրված 1 225 գրքով։ --0--