Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքների բնակեցումը հայկական կողմի համար պետք է պետական ռազմավարություն դառնա, կարծում է քաղաքագետ և պատմաբան Ալեքսանդր Քանանյանը:
«Ազատագրված տարածքների բնակեցման գործընթացը վերջին 15 տարվա ընթացքում ավելի հաճախ կրել է պատահական բնույթ, այն պետական ռազմավարություն չէ», - չորեքշաբթի լրագրողներին ասաց Քանանյանը:
Փորձագետի կարծիքով՝ տարածքների բնակեցման գործընթացի նկատմամբ նման վերաբերմունքի պատճառներից մեկը հայկական կառավարության համար ազատագրված տարածքների ապագայի անորոշությունն է:
«Ինչ էլ ասի կամ որոշի կառավարությունը, ազատագրված տարածքներում մարդիկ են ապրում, ովքեր մինչև վերջ կառչում են այդ հողերից, իսկ շփման գիծը Ղարաբաղի ժողովրդի համար փոխզիջումների սահմաններում է», - ասաց նա:
Քանանյանը կարծում է, որ Հայաստանի կառավարությունը չպետք է վախենա միջազգային ճնշումից, քանի որ գոյություն չունի այնպիսի ճնշում, որն անհնար լինի հաղթահարել:
«Քաղաքական ճկունություն դրսևորելու դեպքում մենք կարող ենք ոչ միայն չեզոքացնել այդ ճնշումները, այլև հակադրելով տարբեր աշխարհաքաղաքական միավորների շահեր՝ օգտագործել դրանք մեր նպատակների համար», - ասաց նա:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-