Հոկտեմբերի 16-ին կդադարեցվի հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատանքը՝ պլանային-պրոֆիլակտիկ վերանորոգման և միջուկային վառելիքի լիցքավորման նպատակով, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը:
«Նախատեսված 55 օրվա ընթացքում կիրականացվի սարքավորումների ընթացիկ վերանորոգում, կանցկացվեն ԱԷԿ-ի անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումներ», - ասաց Մարկոսյանը:
Գլխավոր տնօրենն ավելացրեց, որ կայանը կլիցքավորվի թարմ միջուկային վառելիքի նոր խմբաքանակով:
Նրա տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում Հայկական ԱԷԿ-ում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը հասել է 2,081 միլիարդ կՎտ./ժ-ի՝ 2009 թ.-ի նույն ժամակահատվածի համեմատ արձանագրելով 5 տոկոսանոց աճ, ինչը պայմանավորված է ԱԷԿ-ի աշխատանքային ժամանակացույցով և դիսպետչերական սահմափանակումներով:
Մարկոսյանն ավելացրեց, որ դեպի երկրի էներգահամակարգ էլեկտրաէներգիայի բացթողումը 2009 թ.- ի հունվար-սեպտեմբերի 1,871 միլիարդ կՎտ./ժ.-ից հաշվետու ժամանակահատվածում հասել է 1,908 միլիարդ կՎտ/ժ-ի:
Մեծամոր քաղաքում գործող հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976-ին։ Ներկայում գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ, որն արտադրում է Հայաստանի ողջ էլեկտրաէներգիայի 40-ից մինչև 50%-ը։
ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը 2003-2013թթ. հանձնված են «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարմանը, որի սեփականատերը ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան է։ Հայկական ԱԷԿ-ը, մասնագետների գնահատականներով, կարող է գործել մինչև 2016թ.-ը: