Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման հնարավորությունը զրոյական է. սոցիոլոգ

12.10.2010, 14:42
Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման հնարավորությունը զրոյական է. սոցիոլոգ
Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման հնարավորությունը զրոյական է. սոցիոլոգ

Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման հնարավորությունը զրոյական է, կարծում է  «Սոցիոմետր» կենտրոնի նախագահ, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

«Ադրբեջանցիների չափից դուրս բերանբացությունը մատնում է նրանց բարդույթավորված լինելը և ցանկալին իրականության տեղ ներկայացնելու ձգտումը: Եթե առյուծը պատրաստվում է հարձակման, նա դրա մասին չի բղավում, այլ պարզապես հարձակվում է, այսինքն հարձակման հավանականությունը զրոյական է», - երեքշաբթի լրագրողներին ասաց սոցիոլոգը:

Ադիբեկյանը նշեց, որ ռազմական գերազանցությունը ռազմական հզորության ոչ թե քանակական, այլ որակական բնութագիրն է, քանի որ մարտնչում են իրական մարդիկ իրական պայմաններում, իսկ ադրբեջանական բանակը չունի միասնական էթնիկ հոգեբանություն:

«Ադրբեջանում չեն կարողանում հասկանալ, որ գոյություն ունի չգրված օրենք. եթե դու արյուն ես թափել հողի համար, ապա երբեք չես հրաժարվի դրանից», - ասաց նա՝ ավելացնելով, որ Եվրոպայում դա վաղուց հասկացել են, այդ պատճառով այնտեղ Ղարաբաղից հայկական բանակի դուրսբերման մասին թեմա չի ծագում:

Ադիբեկյանի կարծիքով՝ պատերազմի զրոյական հավանակության մասին են վկայում նաև վերջին 1-2 տարվա ընթացքում միջազգային կազմակերպությունների կողմից Ղարաբաղում կատարված ներդրումների ծավալները:

«Բնական է, որ ցանկացած միջազգային ներդրող այս կամ այն երկրում ինչ-որ բան ձեռնարկելուց առաջ, առաջին հերթին հետաքրքրվում է իր գործի անվտանգության երաշխիքներով», - ասաց նա՝ նշելով, որ այս ոլորտում Ղարաբաղում առաջիկա 2-3 տարիների ընթացքում դրական լուրջ գործընթացներ են ակնկալվում:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-