Դաշնակցության ներկայացուցիչներն արդեն Բաքվում են` Սոցինտերնի ժողովին մասնակցելու համար
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՅԴ Բյուրոյի անդամ, հանձնախմբի համանախագահ Մարիո Նալպանտյանը և ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ադրեն Բաքվում են՝ մասնակցելու հոկտեմբերի 11-12-ին կայանալիք Ընկերվար միջազգայնականի (Սոցինտերն) ԱՊՀ-ի, Կովկասի և Սև Ծովի հանձնախմբի ժողովին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Սացինտերնի փոխնախագահ Մարիա Թիթիզյանը։
«Նրանք արդեն Բաքվի օդանավակայանում են գտնվում։ Քանի որ Մարիո Նալպանտյանն արգենտինական անձնագիր ունի, վիզայի հետ կապված հարցերն են լուծվում»,- երկուշաբթի ասաց Թիթիզյանը՝ ավելացնելով, որ դեռ Դաշնակցության ներկայացուցիչների մոտ ոչ մի խնդիր չի առաջացել։
Հանձնախմբի ժողովին մասնակցելու են տարածաշրջանից և Եվրոպայից սոցիալիստական և սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ:
Հանձնախմբի ժողովի օրակարգում են տարածաշրջանի հակամարտությունները, տարածաշրջանի երկրներում զարգացումները և տարածաշրջանում սոցիալ- դեմոկրատիայի զարգացման հնարավորությունները։
Հայ Յեղափոխական Դաշնակցությիւնը 1996թ. սեպտեմբերին նորից դարձավ Սոցիալիստական Ինտերնացիոնալի անդամ, որին կուսակցությունը առաջին անգամ անդամագրվել էր 1907թ.:
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հին հայկական քաղաքական կուսակցություններից մեկն է, որը ստեղծվել է 1890թ.-ին Թիֆլիսում։ Դաշնակցությունը հայրենասիրական գաղափարախոսություն կուսակցություն է, ակտիվորեն մասնակցել է Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ազգային- ազատագրական պայքարին։ XX դարավերջին մասնակցել է ղարաբաղյան շարժմանը։ -0-