Երևանում հայտնի նկարչի կեղծ կտավներ են հայտնաբերվել. թերթ
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում հայտնի նկարիչ Սարգիս Մուրադյանի կեղծ կտավներ են հայտնաբերվել, գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
Ըստ թերթի՝ Երևանի «արվեստի շուկաներում» կեղծված կտավները հայտնաբերել է նկարչի դուստրը՝ Զարուհի Մուրադյանը, ինչի կապակցությամբ նա առաջիկայում հանդես կգա մամուլի ասուլիսով:
Թերթի տեղեկատվության համաձայն՝ գեղանկարչի դուստրը զգուշացրել է որոշ արվեստասերներին կեղծ նկարների բացահայտման փաստի մասին և նշել, որ խաբեբաներից խուսափելու համար անհրաժեշտության դեպքում պատրաստ է անվճար խորհրդատվություն տրամադրել:
Սարգիս Մուրադյանը (1927-2007 թթ.) հայտնի հայ գեղանկարիչ է, Գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ: 1961 թ.-ին արժանացել է «Հայկական ԽՍՀ-ի վաստակավոր նկարիչ» կոչմանը, 1976 թ.-ին՝ ԽՍՀՄ պետական մրցանակի:
Նա թեմատիկ նկարների, մոնումենտալ նկարազարդումների հեղինակ է, որոնք նվիրված են հայ ժողովրդի պատմությանն ու ժամանակակից կյանքին: Մուրադյանի ստեղծագործական ջանքերն ուղղված էին արվեստում «չլսված պարզության», հստակության և խորության, գեղարվեստական ընդհանրացմանը:-0-