ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել կրթության և գիտության բնագավառների զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոռեկտոր, բժշկական մանրէաբանության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Շեկոյանին ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Պատվավոր կոչումը շնորհվել է կրթության և գիտության ոլորտում մեծ ներդրում կատարելու համար։
Հանրապետության ղեկավարի մեկ այլ հրամանագրով կրթության և գիտության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանը պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով:
Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանն այս տարի տոնում է իր 90-ամյակը։
Ինչպես տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը, նախօրեին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային թատրոնում մասնակցել է բժշկական համալսարանի հոբելյանի տոնակատարությանը։
Կառավարության ղեկավարն ուսումնական հաստատության երախտավորներին է հանձնել ՀՀ նախագահի հրամանագրով շնորհված մեդալներն ու պատվավոր կոչումները, ինչպես նաև պարգևատրել համալսարանի մի շարք դասախոսների ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրերով։
1920թ.-ին Հայաստանում բացվել է պետական համալսարան, որտեղ մյուսների հետ մեկտեղ նաև բժշկական ֆակուլտետ է գործել։ Եվ չնայած Երևանի պետական բժշկական ինստիտուտը (ավելի ուշ՝ համալսարանը) հիմնադրվել է միայն 1930թ.-ին, Հայաստանի բժշկական կրթության սկիզբը 1920 թվականն է համարվում։
1980թ.-ին մասնագետների պատրաստման զգալի հաջողությունների և հայրենական բժշկության զարգացման մեջ մեծ ներդրման համար Երևանի պետական բժշկական համալսարանը պարգևատրվել է Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշանով՝ ԽՍՀՄ-ի մեծ պարգևներից մեկով։
Բժշկական ինտիտուտի ձևափոխումը համալսարանի տեղի է ունեցել 1995թ.-ին, իսկ միջնադարի ականավոր բժիշկ Մխիթար Հերացու անունը, ով հիմադրել է Կիլիկյան Հայաստանի բժշկական դպրոցը, Երևանի պետական բժշկական համալսարանին տրվեց 1989թ.-ին։
Այսօր Հերացու անվան ԵՊԲՀ-ն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություն է, որը համապատասխանում է որակյալ կրթական գործընթացի միջազգային նորմերին և չափանիշներին։ Բուհում սովորում են ոչ միայն հայ, այլև Հնդկաստանի, Շրի Լանկայի, Նեպալի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի և այլ երկրների ուսանողներ։ -0-