ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետության վաստակավոր «Սայաթ-Նովա» երգի համույթը հոկտեմբերի 13-20-ը հյուրախաղերով հանդես կգա Կրասնոդարի երկրամասում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնից:
Հայաստանի վաստակավոր արտիստ Թովմաս Պողոսյանի գլխավորած համույթը ելույթ կունենա Սոչիում, Տուապսեում, Գելենջիկում, Կրասնոդարում, Լազարևսկ բնակավայրում:
«Սայաթ-Նովա» աշուղական երգի պետական համույթը ստեղծվել է 1927 թ.-ին հայտնի երգիչ Շարա Տալյանի կողմից: 1942 թ.-ից համույթը ղեկավարել է Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ Վաղարշակ Սահակյանը: 1972 թ.-ին այս համույթը դադարեցրել է գործունեությունը:
20 տարի անց՝ 1992 թ.-ին, հավաքելով փորձառու երգիչների և երաժիշտների՝ Թովմաս Պողոսյանը վերսկսել է համույթի գործունեությունը, որը մինչ օրս գործում է՝ վայլելով ինչպես Հայաստանի, այնպես էլ սփյուռքի մարդկանց սերը:
Համույթի երգացանկը ներառում է աշուղների ավելի քան 350 պատմական և ժամանակակից երգեր: Համույթը ձայնագրել և թողարկել է երկու սկավառակ 18-րդ դարի հռչակավոր պոետ և կոմպոզիտոր Սայաթ-Նովայի ստեղծագործություններով:
«Սայաթ-Նովա» համույթը բազմաթիվ համերգներ է ունեցել Հայաստանում, ինչպես նաև Ռուսաստանում, Վրաստանում, Իրանում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Սիրիայում:-0-