Հայ ժողովուրդն Իրանը դիտում է որպես վստահելի և մերձավոր բարեկամ, շաբաթ օրը Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
«Մեր ժողովրդի կողմից Ձեր երկիրը, Ձեր ժողովուրդը դիտարկվում է որպես դարերի ընկեր, որպես վստահելի և մերձավոր բարեկամ: Ուրախ եմ, որ այսօր մեր հարաբերությունները լավ մակարդակի վրա են գտնվում: Մենք կարևորում ենք մեր երկրների ղեկավարների միջև բարձր մակարդակի երկխոսությունն ու բարձրաստիճան փոխայցելությունները», - ասել է Սարգսյանը:
Նա վստահություն է հայտնել, որ Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա երկու երկրների բարեկամության առավել արմապնդման համար:
Ալի Լարիջանին իր հերթին նշել է, որ Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարող են լավ արդյունավետ հիմք հանդիսանալ տարածաշրջանի կայունության պահպանման համար:
Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահը ընդգծել է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կարևորությունը` որպես ցանկացած տարանցիկ նոր ուղղության ստեղծում, որը կարող է շահավետ լինել դրա բոլոր անդամների համար:
Զրուցակիցները կարևորել են ռազմավարական նշանակություն ունեցող այնպիսի նախագծերի իրականացումը, ինչպիսիք են Իրան-Հայաստան երկաթգծի, Արաքս գետի վրա համատեղ ՀԷԿ-ի, Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի, նավթամթերքների խողովակաշարի կառուցումը:
Կողմերը գոհունակությամբ ընդգծել են, որ Հայաստանի և Իրանի ջերմ հարաբերությունների ձեւավորման գործում իրենց նպաստն ունեն երկու երկրների օրենսդիր մարմինների արդյունավետ փոխգործակցությունը:-0-