Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հոկտեմբերի 10-ի երեկոյան պաշտոնական այցով Երևան կժամանի Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկը, հաղորդում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Պաշտոնական այցի շրջանակներում հոկտեմբերի 11-ին Սլովենիայի նախագահը կայցելի Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Այնուհետեւ Սլովենիայի նախագահը կհյուրընկալվի ՀՀ նախագահի նստավայրում, որտեղ նախատեսվում է Հայաստանի և Սլովենիայի նախագահների առանձնազրույցը, երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններ:
ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա նաև փաստաթղթերի ստորագրման արարողություն, որից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը և Դանիլո Թյիրկը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Նույն օրը Սլովենիայի նախագահը կայցելի Մատենադարան և Հայաստանի նկարիչների միություն: Այնուհետև նախագահներ Դանիլո Թյիրկը և Սերժ Սարգսյանը կմասնակցեն հայ-սլովենական բիզնես ֆորումին:
Հոկտեմբերի 11-ի երեկոյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի անունից` ի պատիվ Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկի և տիկին Բարբարա Միկլիչ Թյիրկի, կտրվի պաշտոնական ընթրիք:
Հոկտեմբերի 12-ին ՀՀ նախագահի նստավայրում Սլովենիայի նախագահն առանձնազրույց կունենա Սերժ Սարգսյանի հետ, որին կհաջորդի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:
Սլովենիայի նախագահի այցը Հայաստանի Հանրապետություն կեզրափակվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հետ հանդիպմամբ: -0-