ՀՀ կառավարությունը լրացուցիչ ջանքեր կներդնի Ֆրանսիայի հետ տարածքային կապերի ամրապնդման համար

08.10.2010, 18:52
ՀՀ կառավարությունը լրացուցիչ ջանքեր կներդնի Ֆրանսիայի հետ տարածքային կապերի ամրապնդման համար

ՀՀ կառավարությունը լրացուցիչ ջանքեր կներդնի Ֆրանսիայի հետ տարածքային կապերի ամրապնդման համար, Ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովի մասնակիցների պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Տարածքների միջև ուղղակի կապերի հաստատումը, ամրապնդումը և դրանց ինստիտուցիոնալիզացիան մեզ համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում»,- վարչապետի խոսքը մեջբերեցին կառավարության մամուլի ծառայությունից։

Ըստ Սարգսյանի՝ Հայաստանը փորձում է տեղայնացնել տեղական ինքնակառավարման ֆրանսիական փորձը: Նա նշեց, որ ուղղակի կապերը համայնքների միջև հնարավորություն են տալիս այդ փորձից օգտվել, իսկ ուղղակի համագործակցությունը նպաստում է Հայաստանի տարածքների համաչափ զարգացմանը:

Կառավարության ղեկավարը նաև նշեց, որ Հայաստանի տարածքային կառավարման նախարարության մասնագետների ու համայնքների ղեկավարների հետ անցկացված քննարկումները և մտքերի փոխանակումները Հայաստանի համար  շատ արժեքավոր են:

«Համոզված եմ, որ հայ-ֆրանսիական հարաբերություններում համագործակցության այս նոր ձևաչափը շատ հեռանկարային է։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը լրացուցիչ ջանքեր կգործադրի, որ այդ կապերը շարունակաբար ամրապնդվեն»,- ասաց Սարգսյանը։

Ապակենտրոնացված համագործակցության համաժողովն անցկացվում է հոկտեմբերի 7-8-ը Երևանում։ Համաժողովի մասնակիցների թվում են Ֆրանիսայի քաղաքների, դեպարտամենտների և շրջանների տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, ինչպես նաև Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներ:-0-