Բանակում առկա բացասական երևույթները կարելի է արմատախիլ անել հասարակության ընդհանուր առողջացման միջոցով, կարծում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:
Վերջերս հայկական զորամասերում տեղի է ունեցել մի քանի միջադեպ, որոնք կապված են զինծառայողների սպանության և ինքնասպանության, ինչպես նաև դժբախտ պատահարների հետ: Բանակում տեղի ունեցած միջադեպերի հետևանքով մի շարք զինծառայողներ ձերբակալվել են, ոմանց նկատմամբ կիրառվել են պատասխանատվության տարբեր միջոցներ:
«Բանակը մեծ համակարգ է, այն հասարակությունից դուրս չի գործում: Բանակը մեր հասարակության հայելին է, և հասարակությունում գոյություն ունեցող դրական և բացասական երևույթներն առկա են նաև բանակում», - ուրբաթ լրագրողներին ասաց մարդու իրավունքների պաշտպանը:
Նրա խոսքերով՝ եթե հասարակությունում ինչ-որ խնդիրներ կան, ապա դրանք չեն կարող չլինել Զինված ուժերում:
«Մենք պետք է դրան գլոբալ նայենք: Բանակը պետք է զբաղվի այդ խնդիրներով, բայց մենք ևս պետք է զբաղվենք հասարակության ընդհանուր առողջացմամբ: Եթե դա տեղի չունենա, ապա բանակն իր միջոցներով չի կարող արմատախիլ անել այն երևույթները, որոնք գոյություն ունեն հասարակությունում», - ասաց Հարությունյանը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մտահոգություն հայտնեց ՀՀ Զինված ուժերում գոյություն ունեցող խնդիրների կապակցությամբ:
«Մենք ուսումնասիրություն ենք անցկացրել, այդ թվում նաև՝ հոգեբանական տեսակետից, որն արդեն ավարտում ենք և պատրաստվում ենք ուսումնասիրության արդյունքները ներկայացնել Պաշտպանության նախարարությանը՝ արտաքին դիտորդի տեսակետից գոյություն ունեցող խնդիրները ցույց տալու համար» - նշեց մարդու իրավունքների պաշտպանը:
Նա տեղեկացրեց, որ երկու-երեք օր առաջ հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: «Գիտեմ, որ նրանք շահագրգիռ կերպով աշխատում են այդ ուղղությամբ և համոզված եմ, որ կարճ ժամանակահատվածի ընթացքում իրավիճակը կհաջողվի շտկել», - նշեց մարդու իրավունքների պաշտպանը:-0-