Ուրբաթ Երևանում մեկնարկել է մանկաբույժների ամենամյա երկրորդ ազգային համաժողովը՝ միջազգային մասնակցությամբ:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց Հայաստանի մանկաբույժների ասոցիացիայի նախագահ, Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբուժության և մանկական վիրաբուժության ամբիոնի վարիչ, ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հանձնաժողովի ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը, համաժողովը նվիրված է մանկական և պատանեկան հիվանդությունների ժամանակակից խնդիրներին, մասնավորապես՝ շնչուղիների հիվանդություններին:
«Համաժողովի նպատակն է հայկական մանկաբուժության մեջ ներդնել հայ երեխաների շրջանում բավականին տարածված վերին շնչուղիների հիվանդությունների բուժման եվրոպական նոր սկզբունքները», - ասաց Բաբլոյանը:
Նրա խոսքերով՝ համաժողովի ընթացքում Երևանից և Հայաստանի այլ մարզերից ավելի քան 400 մանկաբույժներ կծանոթանան համաշխարհային մանկաբուժության ոլորտում նորագույն ձեռքբերումներին: Դասախոսություններով հանդես կգան Շվեյցարիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանն ու Վրաստանը ներկայացնող խոշորագույն մասնագետներ:
ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության բաժնի պետ Կարինե Սարիբեկյանն իր հերթին ընդգծեց այս միջոցառման կարևորությունը մանկաբուժության ոլորտ նոր կադրերի ներգրավման տեսանկյունից, քանի որ Հայաստանում վերջերս մանկաբույժների պակաս է զգացվում:
«1990-ականների վերջից մինչ օրս Հայաստանում մանկաբույժ-մասնագետների թիվը գրեթե կրկնակի անգամ կրճատվել է», - ասաց նա՝ ավելացնելով, որ մանկաբուժությունը երիտասարդներին չի գրավում, քանի որ աշխատանքը դժվարին ու պատասխանատու է և այնքան էլ եկամտաբեր չէ:
Համաժողովի շրջանակներում շվեյցարացի պրոֆեսորներ Բիթ Շտեյնմանն ու Էռնստ Լոյմանը պարգևատրվեցին Երևանի պետական բժշկական համալսարանի հոբելյանական ոսկե մեդալներով հայկական մանկաբուժության մեջ մեծ ներդրում կատարելու համար: Երկու մասնագետներն էլ երկար տարիներ (1988 թ.-ից ի վեր) համագործակցում են հայ գործընկերների հետ:
Համաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի մանկաբույժների ասոցիացիան և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը՝ ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ:
Համաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-9-ը, Երևանի պետական բժշկական համալսարանի 90-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում:-0-