Ռուսաստանի և Հայաստանի մարզպետների համաժողովը կարող է անցկացվել Երևանում 2011 թ.-ի սկզբին

07.10.2010, 20:00
Ռուսաստանի և Հայաստանի մարզպետների համաժողովը կարող է անցկացվել Երևանում 2011 թ.-ի սկզբին

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի և Հայաստանի մարզպետների համաժողովը կարող է անցկացվել Երևանում 2011 թ.-ի սկզբին՝ միջմարզային գործնական համագործակցության հարցերի քննարկման նպատակով, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Ռոսսոտրուդնիչեստվոյի մամուլի ծառայությունից:

Նման առաջարկով է հանդես եկել Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության Հայաստանի հետ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների կապերի բաժնի ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանը «Ռուսաստանի արդիականացման գործում հայրենակիցների ներդրման մասին. գործընկերային հարաբերությունների զարգացման հնարավորությունները» թեմատիկ կոնֆերանսի ժամանակ:

Նրա խոսքերով՝ հաջորդ տարվա սկզբին Երևանում նախատեսվում է անցկացնել Արդյունաբերական նորարարությունների ռուս-հայկական առաջին միջմարզային ցուցահանդեսը, որի շրջանակներում հնարավոր է համաժողով անցկացնել:

«Այդ գաղափարի իրագործումը հզոր ազդակ կհաղորդի կապերի զարգացմանը, առաջին հերթին՝ երկու երկրների մարզերի միջև փոքր և միջին բիզնեսի զարգացմանը», - հայտարարեց Նիկողոսյանը:

Նա տեղեկացրեց, որ մեծ թափով ընթանում է Հայաստանի տարածքում «ՈՒԱԶ-Պատրիոտ» ավտոմեքենաների հավաքման կազմակերպման նախագծի մշակումը:

Փոխշահավետ միջմարզային հարաբերությունների զարգացման կարևորագույն ուղղվածությունների թվում Նիկողոսյանը նշեց նորարարությունների և նորագույն տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը:

Բաժնի ղեկավարը քննադատության ենթարկեց Հայաստանի և Ռուսաստանի մարզերի միջև գոյություն ունեցող գործարար հարաբերությունները՝ համոզմունք հայտնելով, որ այսուհետ այլ կերպ կլինի:

«Հարկ է ընդունել, որ մինչև վերջերս բազմաթիվ միջմարզային համաձայնագրեր պարունակում էին ընդհանուր, որևէ բան չնշանակող կետեր: Մարզպետների փոխադարձ այցերը կրում էին պատմական-ճանաչողական բնույթ», - եզրափակեց Նիկողոսյանը:-0-