Լիբանանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվեց. թերթ
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրի այցելությունը Հայաստան անորոշ ժամանակով հետաձգվել է, գրում «Ազգ» օրաթերթը:
Լիբանանում լարվածությունը կտրուկ սրվեց 2005թ.-ին նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրի սպանության հետաքննությամբ զբաղվող Միջազգային տրիբունալի առաջիկա որոշման սպասումով: Լիբանանցիները վախենում են, որ եթե ինչպես խոսում են, մեղադրանքներ առաջադրվեն շիիթական «Հեզբոլահ» շարժման անդամներին, ապա դա կարող է հանգեցնել շիիթական և սունիթական համայնքների բախման (Հարիրին հենց վերջինի առաջնորդն է եղել):
Ինչպես հաղորդում են թերթի աղբյուրները, Հարիրի այցը տեղի կունենա առաջին իսկ հարմար ժամանակահատվածում:
Նախնական հայտարարության համաձայն, Հարիրի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով պետք է Հայաստան ժամաներ այսօր՝ վեց տարի առաջ ստեղծված համատեղ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները քննարկելու նպատակով:-0-