Թուրքիան «Ոսկե ծիրան» չի կոչի Մալաթիա քաղաքի նոր կինոփառատոնը

01.10.2010, 16:00
Թուրքիան «Ոսկե ծիրան» չի կոչի Մալաթիա քաղաքի նոր կինոփառատոնը

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիան «Ոսկե ծիրան» չի անվանի այս տարի Մալաթիա քաղաքում կազմակերպվելիք նոր կինոփառատոնը, ուրբաթ լրագրողներին հայտնեց «Ոսկե ծիրան» Երևանյան միջազգային կինոփառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը։

Նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ը Մալաթիա քաղաքում կանցկացվի թուրքական կինոփառատոն, որի կազմակերպիչները սկզբում ծրագրում էին այն «Ոսկե ծիրան» կոչել, ինչն ամբողջովին կրկնօրինակում էր 2004 թվականից անցկացվող երևանյան միջազգային կինոփառատոնի անվանումը։ Դա, բնականաբար, առաջացրել է «Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնի կազմակերպիչների դժգոհությունը։

«Մենք գրել ենք փառատոնի նախագահին, որ հարցը ոչ այնքան իրավական է, որքան բարոյական...Լավ է, որ փառատոնի կազմակերպիչները հարցին մեծ ըմբռնումով մոտեցան»,- ասաց երևանյան կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը։

Ըստ նրա, թուրքական փառատոնի կազմակերպիչները համաձայնել են հայկական կողմի փաստարկների հետ, և փառատոնը կանցկացվի «Բյուրեղապակյա ծիրան» անվանումով՝ համանուն մրցանակով։

Երևանյան կինոփառատոնի ծրագրերի տնօրենը նշեց, որ «ծիրան» անվանումից Թուրքիան հրաժարվել չէր կարող, քանի որ թուրքական փառատոնի անվանումը հենց հիմնված է ողջ աշխարհում խոշորագույնը համարվող տեղական ծիրանի շուկայի գովազդի վրա։

«Ոսկե ծիրան» Երևանյան ամենամյա միջազգային կինոփառատոնը տարածաշրջանում ամենահեղինակավորներից է։ «Ոսկե ծիրան» յոթերորդ փառատոնն անցկացվեց Երևանում հուլիսի 11-18-ը, որտեղ ներկայացվեց ավելի քան 100 ֆիլմ աշխարհի 62 երկրներից։ -0-