ՀՀ պաշտպանության նախարարությունը վերջին 2,5 տարվա ընթացքում Ադրբեջանի սահմանում տեղակայված Տավուշի մարզի սահմանային դիրքերի ամրապնդման ուղղությամբ էական աշխատանք է կատարել, հինգշաբթի ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Առաջին հերթին մենք Տավուշի մարզպետարանի հետ համագործակցելով՝ ապահովել ենք այն բնակավայրերի անվտանգությունը, որոնք գտնվում են հակառակորդի զինված ուժերի ուղիղ նշանակետի տակ»,- Իջևանում կառավարության արտագնա նիստի ժամանակ ասաց Օհանյանը:
Ըստ նրա, մարզում նման բնակավայրերը քսանն են, իսկ առանձնապես վտանգի մեջ գտնվողները՝ հինգը։
Նախարարը նշեց, որ դիրքերին հարակից ճանապարհների երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով սահմանակից տարածքներին կից ճանապարհների վերանորոգման աշխատանքներ են իրականացվել։
Նա ավելացրեց, որ ոչ վաղ անցյալում կանխվել է հակառակորդի դիվերսիոն նախաձեռնությունը Կոթի գյուղի ուղղությամբ։
Ըստ նախարարի, սահմանամերձ շրջանների բնակիչներն անընդհատ բարձրացնում են ագրեսիայի հնարավորության դեպքում անվտանգությունն ապահովելու համար քաղաքացիական պաշտպանության մակարդակը բարձրացնելու հարցը։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին ընդգծեց, որ այս խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է գտնվում։
«Հայկական բանակի հեղինակությունը և բանակի հանդեպ վստահությունը բարձր մակարդակի վրա է գտնվում, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար»,- ասաց նա։ -0-