Որոշակի վերապահումներով Մադրիդյան առաջարկներն ընդունելով՝ Ադրբեջանն իրականում չի ընդունում դրանք, հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ելույթ ունենալով Բոստոնի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում։
«Եռանախագահները 2007թ. նոյեմբերին կողմերին ներկայացրեցին Մադրիդյան փաստաթուղթը և այն, իբրև պաշտոնական առաջարկ, ի պահ հանձնվեց Վիեննայում ԵԱՀԿ քարտուղարությանը: Դրանից հետո եղել են երկու տասնյակից ավելի աշխատանքային առաջարկներ` Մադրիդյան փաստաթղթի հիման վրա: Վերջին մի քանի ամիսների ինտենսիվ բանակցությունների արդյունքում կողմերին մադրիդյան առաջարկությունների վերջին տարբերակը ներկայացվեց այս տարվա հունիսին Սանկտ-Պետերբուրգում, և մեր կողմից հայտարարվեց, որ դա ընդունվում է որպես բանակցությունների հիմք, ինչպես որ դա արվել էր 2007 թ. նոյեմբերին ներկայացված փաստաթղթի առաջին տարբերակի կապակցությամբ»,- Նալբանդյանի խոսքը մեջբերեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Ըստ հայկական ԱԳՆ-ի ղեկավարի՝ ադրբեջանական կողմը մերժում թե՛ առաջին, թե՛ վերջին տարբերակը։
Նախարարը նշեց, որ աշխատանքային տարբերակներից մեկի առնչությամբ Ադրբեջանը հայտարարեց, որ կարող է այն ընդունել որպես բանակցությունների հիմք, բայց որոշ բացառություններով, սակայն պարզվեց, որ բացառություններն ավելի շատ են, քան ընդունվածը:
«Ի՞նչ է նշանակում ընդունել բացառություններով: Դա փաստացի նշանակում է չընդունել: Ի՞նչ է սպասում Ադրբեջանը, որ իրենց՝ «այսպես կոչված ընդունվածը»` բացառություններով հանդերձ, պետք է ընդունվի Հայաստանի և Արցախի կողմից: Եվ իրենց այդ կեցվածքն էլ համարում են կառուցողական մոտեցում: Բայց եթե այդ կառուցողականությունը իրենցից բացի ոչ ոք չի հասկանում, ուրեմն մեղավորին պետք է փնտրեն հենց իրենց մեջ: Տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանցիները ականջների մեջ խցան են դրել և չեն ուզում լսել` ինչի մասին է միջնորդ երկրների միջոցով ասում միջազգային հանրությունը»,- ավելացրեց Նալբանդյանը։
Մադրիդյան սկզբունքները, մասնավորապես, նախատեսում են ազատ կամարտահայտության ճանապարհով Ղարաբաղի կարգավիճակի կողմնորոշման հարցը, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ցամաքային կապի ապահովում, որը անվտանգության երաշխիքներ է տրամադրում։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-