Ադրբեջանը հստակ միջադեպեր է ծրագրում ղարաբաղյան սահմանին ներքին քարոզչության նպատակով, կարծում է ղարաբաղյան պատերազմի հերոս, Պաշտպանական մարզատեխնիկական միության նախագահ Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)։
Տեր-Թադևոսյանի խոսքերով՝ Ադրբեջանում «ալեկոծվող» հասարակություն է, իսկ Իլհամ Ալիևը խնդիրներ ունի երկրում ներքաղաքական խմորումները հնազանդեցնելու հետ կապված։
«Այդ իսկ պատճառով նրանք մտածում են՝ «կան հայեր, եկեք նրանցով զբաղվենք», սկսում են միջադեպեր ստեղծել սահմանին, հրաձգություն սարքել, սկսել են ևս մեկ քարոզչություն՝ իբր հայերը դիվերսանտներ են ուղարկել, գերի են բռնել և ասում են, թե նա է դիվերսանտ։ Նրանք շատ իրադարձություններ են հորինում, բայց իրականում նման բան չկա»,- ասաց Տեր-Թադևոսյանը։
Նա նշեց, որ միջադեպերը սահմանում տեղի են ունեցել և նախկինում, բայց այսօր Ադրբեջանին զանգվածները պահելու համար հասարակությունում քարոզչություն է պետք։ «Սա պատահական երևույթ չէ, ինչու՞ պետք է երիտասարդները սպանեն միմյանց, իսկ Ալիևն իր որդուն սահմանները պաշտպանելու չի ուղարկի»,- ասաց ղարաբաղյան պատերազմի հերոսը։
Նրա խոսքերով՝ Ադրբեջանի ձեռնարկած յուրաքանչյուր քայլ մտածված է։ «Իսկ մենք գնում ենք հետքերով և արձագանքում ենք Ադրբեջանի գործողություններին»,- ասաց Տեր-Թադևոսյանը։
Նա առաջարկեց նաև կապ հաստատել ԶԼմ-ների և Պաշտպանության նախարարության միջև, որպեսզի նրանք սերտ կապի մեջ աշխատեն։ «Պետք է վերլուծել բոլոր իրադարձությունները, հասկանալ տեղի ունեցող դեպքերի կարևորությունը և ճիշտ գնահատական տալ դրանց»,- ասաց նա։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-