Հայ-թուրքական բարելավման համար անհրաժեշտ է արձանագրությունների վավերացման նոր բանաձև. փորձագետ
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման համար հայ-թուրքական արձանագրությունների վավերացման նոր բանաձև է անհրաժեշտ, կարծում է Հետխորհրդային տարածքի ուսումնասիրության տեղեկատվական-վերլուծական կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վլասովը։
«Հայ-թուրքական հարաբերությունները զարգացման հեռանկար ունեն, սակայն դրանց բարելավման համար անհրաժեշտ է պայմանների նոր բանաձևի մշակում, որոնց հիման վրա կիրականացվի արձանագրությունների վավերացումն ու սահմանների բացումը»,- երեքշաբթի լրագրողներին ասաց Վլասովը։
Նրա խոսքերով՝ այդ խնդրի լուծման գործում առկա են բազմաթիվ սուբյեկտիվ գործոններ, Թուրքիայի կողմից մշտապես առաջադրվող նախապայմաններ, ինչպես նաև հայկական սփյուռքի դիրքորոշումը Ցեղասպանության հարցում։
«Սակայն հասկանալի է, որ ամբողջ աշխարհի հայության համար Ցեղասպանությունը միավորող գաղափարախոսական բաղադրիչ է»,- ասաց Վլասովը։
Բայց, ինչպես նշեց փորձագետը, այսօրվա իրողությունն այնպիսին է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև փոխհարաբերությունների բացակայությունը հետագայում հնարավոր չէ, առավել ևս, որ պետություններն ու ժողովուրդները պատմական սերտ կապի մեջ են։
«Արձանագրությունների ստորագրումից հետո պետք էր ժամանակ տալ, որպեսզի երկու երկրների քաղաքական վերնախավերը հասկանային, որ սահմանների բացումը բարիք է և թուրք, և հայ ժողովրդի համար»,- նշեց Վլասովը։
Սակայն, ըստ նրա, չափից ավելի աղմուկն արձանագրությունների ստորագրումից հետո խանգարեց կողմերի միջև փոխզիջումներին։ -0-