ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանը ծուղակ է դրել, որից չի կարողանում դուրս գալ ոչ ինքը, ոչ էլ ողջ տարածաշրջանը, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։
«Ադրբեջանում արդեն 10-11 տարի շարունակ կառավարությունն ու ընդդիմությունը միմյանց հետ մրցելով՝ ձգտում են իրենց ժողովրդի առջև առավել ագրեսիվ հանդես գալ Ղարաբաղի հարցի շուրջ վարած քաղաքականությունում»,- ասաց նա։
Ըստ Հովհաննիսյանի, կողմերի նման ագրեսիվ դրսևորումները եռման կետին են հասցնում ժողովրդին, որն իր ղեկավարությունից նույնատիպ գործողություններ է ակնկալում։
«Եթե այսօր Ադրբեջանի ղեկավարությունը հանկարծ որոշի խաղաղ միջոցներ կիրառել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար՝ հաշվի առնելով երկու կողմերի շահերը, ապա ադրբեջանական բորբորքված հասարակությունը պարզապես կվերացնի այդ ղեկավարությունը»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ հենց դա է ծուղակը։
Այդ համատեքստում Հովհաննիսյանը նշեց, որ ընտրություններից առաջ Ադրբեջանում հակահայկական ագրեսիան կարող է աճել, և դա կարտահայտվի ինչպես միջազգային հանրության տարբեր հայտարարություններում, այնպես էլ ճակատային գծում։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-