Հայաստանի ԱԳՆ ղեկավարը բարձր է գնահատում ԵԱՀԿ ՄԽ դերը ՄԱԿ-ի ԳՎ-ից արդրբեջանական բանաձևի հետկանչման հարցում
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ համանախագահ երկրների ջանքերը ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի նախորդ նստաշրջանին ներկայացված ադրբեջանական ապակառոցողական բանաձևի հետկանչման հարցում, տեղեկացնում է հայկական արտաքին գերատեսչության մամուլի ծառայությունը։
Այս մասին Նալբանդյանն ասել է նախօրեին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) և Ռոբերտ Բրադտկեի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ կայացած հանդիպման ընթացքում։
Ադրբեջանը նախորդ շաբաթ որոշում է ընդունել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախատեսված քննարկումից և քվեարկությունից հանել Ղարաբաղի մասին բանաձևի նախագիծը, որը Երևանում հակահայկական են համարում: Փորձագետները կարծում են, որ այդ քայլը հայկական դիվանագիտության ակտիվ աշխատանքի և համաշխարհային հանրության, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) բացասական արձագանքի արդյունքն է:
Իր հերթին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տեղեկացրել են Նալբանդյանին դեկտեմբերին Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված իրենց քայլերի մասին։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-