Նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Ալեքսանդր Հարությունյանին` ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ:
«Ուրախ եմ ողջունել Ձեզ` հռչակավոր կոմպոզիտորին ու մեծանուն հային, ում ստեղծագործական պատկառելի վաստակը նոր հորիզոններ է բացել մեր մշակույթի զարգացման ու միջազգային ճանաչման համար»,- ասվում է նախագահի ուղերձում։
Սարգսյանը նշել է, որ Հարությունյանի հարուստ կենսագրությունը վաղուց արդեն իր հաստատուն տեղն է գտել հայ երաժշտարվեստի տարեգրության մեջ, դարձել նրա վառ էջերից մեկը:
«Վստահ եմ` ստեղծագործական ուղին, որը Ձեզ համաժողովրդական գնահատանք բերեց, ապրելու և գործելու ուղեցույց է դառնալու արվեստի իսկական նվիրյալների համար: Ձեր ավելի քան 70-ամյա ստեղծագործական գործունեությամբ Դուք բազմիցս ապացուցել եք, որ Ձեզ համար կյանքի բարձրագույն չափանիշը արվեստն է, իսկ արվեստի չափանիշը` կատարելությունը»,- ասվում է ուղերձում։
Ալեքսանդր Հարությունյանը ծնվել է 1920թ.-ի սեպտեմբերի 23-ին Երևանում։ Հայ խորհրդային կոմպոզիտոր է, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1970)։
1954թ.-ից Հայկական ֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավարն է։ Վոկալ սիմֆոնիկ ստեղծագործությունների, մասնավորապես՝ «Հայրենիքի մասին կանտատի», «Սայաթ-Նովա» օպերայի հեղինակն է։ -0-