ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Պորտուգալիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը և դրանց շրջանակներում անցկացվող ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ բանակցությունները, հինգշաբթի ասաց Հայաստանում Պորտուգալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պեդրու Նունու Բարտոլուն (նստավայրը՝ Մոսկվա)՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերը հանձնելիս։
Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին նախագայի մամուլի ծառայությունից, կողմերը մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ:
Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել դիվանագիտական առաքելության իրականացման գործում:
Դեսպան Բարտոլուի խոսքով՝ Պորտուգալիան մեծագույն հարգանք է տածում հնագույն քաղաքակրթության օրրան Հայաստանի նկատմամբ և համարում բարեկամ երկիր:
Նա Հայաստանի նախագահին է փոխանցել իր երկրի ղեկավարի ողջույնները` նշելով, որ Լիսաբոնում նոյեմբերին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին անհամբերությամբ են սպասում նախագահ Սարգսյանին
Երկուստեք նշվել է, որ հայ-պորտուգալական հարաբերությունների ներկայիս մակարդակը չի համապատասխանում տարբեր ոլորտներում ակտիվ փոխգործակցություն զարգացնելու առկա ներուժին:
Զրուցակիցները հատկապես ընդգծել են իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտի ձևավորումն ու զբոսաշրջության, առևտրի, այլընտրանքային էներգետիկայի, էլեկտրոնային կառավարման և մի շարք այլ ոլորտներում փորձի փոխանակման, գործարար կապերի ակտիվացման հնարավորությունը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի գործունեությանը: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ այն յուրատեսակ կամուրջ է հայ-պորտուգալական հարաբերություններում, և Հայաստանում միշտ էլ բարձր գնահատանքի է արժանացել Հիմնադրամի մարդասիրական ու մշակութային գործունեությունը: --0--