Հայաստանի սահմանային անվտանգության ապահովման հայեցակարգը կընդունվի Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդում մինչև սեպտեմբերի վերջը, ասաց ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը։
«Մենք շուրջ մեկ տարի աշխատել ենք այդ հայեցակարգի ստեղծման ուղղությամբ: Եվ այդ ժամանակահատվածում արդյունավետ երկխոսություն է հաստատվել միջազգային կազմակերպությունների հետ։ Սահմանային անվտանգությունը բարդ և բազմակողմանի խնդիր է, որը Հայաստանի համար շատ մեծ նշանակություն ունի»,- ասաց Բաղդասարյանը՝ ելույթ ունենալով Հայաստանի և Վրաստանի սահմանների կառավարման ռազմավարությունների մշակման և կատարելագործման միջգերատեսչական աշխատանքային խմբի սեմինարի ժամանակ։
Ըստ ԱԽ քարտուղարի՝ Հայեցակարգի մշակման գործում Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ խորհրդատվական խմբի աջակցությունը։
«Այդ հայեցակարգի ընդունումը չափազանց կարևոր նշանակություն ունի ազգային անվտանգության ապահովման տեսակետից»,- ասաց Բաղդասարյանը։
Նա տեղեկացրեց, որ Ազգային անվտանգության խորհրդում Հայեցակարգի ընդունմանը կհետևի նախագահի հրամանը, որից հետո կառավարությունը կսկսի աշխատանքների ֆինանսավորման հարցի քննարկումը։ -0-