Հայաստանը վերջին հինգ տարիների ընթացքում նշանակալի հաջողություններ է գրանցել. Ուկրաինայի դեսպան

17.09.2010, 20:03
Հայաստանը վերջին հինգ տարիների ընթացքում նշանակալի հաջողություններ է գրանցել.  Ուկրաինայի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը վերջին հինգ տարիների ընթացքում հաջողություններ է արձանագրել տարբեր բնագավառներում, ասաց Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի  արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում, տեղեկացնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։

Դեսպանը համոզմունք հայտնեց, որ համագործակցության մեծ ներուժ կա, մասնավորապես, միջխորհրդարանական հարաբերություններում:

Նա տեղեկացրեց, որ առաջիկա տարիներին  Կիևի պետական համալսարանում իր նախաձեռնությամբ կստեղծվի հայագիտության ամբիոն:

ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց դեսպանին` երկարամյա, արդյունավետ  աշխատանքի և ավանդական բարեկամության ու փոխըմբռնման վրա հիմնված  հայ-ուկրաինական հարաբերություններում ունեցած ներդրումի համար և հաջողություններ մաղթեց հետագա աշխատանքում: 

Աբրահամյանը նշեց, որ հայ-ուկրաինական հարաբերությունները զարգացման լավ հեռանկարներ ունեն քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում.

Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձան Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի հնարավոր այցին, որը կնպաստի հարաբերությունների զարգացմանը երկու երկրների խորհրդարանների միջև։ -0-