Հայկական կողմը սպասում է, թե երբ Թուրքիայում կհայտնվի քաղաքական ուժ կամ կհայտնվեն քաղաքական առաջնորդներ, ովքեր պատրաստ կլինեն քաղաքական կամք դրսևորել, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ներկայում Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։
Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։
Վերջին երկու տարվա ընթացքում առաջընթաց էր նկատվել հայ-թուրքական հարաբերություններում, որը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որի շրջանակներում 2009 թ.-ի հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Սակայն Թուրքիան տարբեր պատրվակներով պարբերաբար ձգձգում էր արձանագրությունների վավերացման գործընթացը, ինչի պատճառով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2010 թ.-ի ապրիլի 22-ին կասեցրեց փաստաթղթերի վավերացման գործընթացը:
«Մեր հարաբերություններն այս անգամ չկարգավորվեցին: Երկկողմ հայտնի արձանագրությունները ստորագրելուց հետո, թուրքական կողմը հրաժարվեց վավերացնել դրանք ԱԺ-ում: Հիմա մենք սպասում ենք, թե երբ Թուրքիայում կհայտնվի քաղաքական ուժ կամ կհայտնվեն քաղաքական առաջնորդներ, ովքեր պատրաստ կլինեն քաղաքական կամք դրսևորել», - ասել է Սարգսյանը «Պրոֆիլ» ուկրաինական ամսագրին տված հարցազրույցում:
Նախագահի խոսքերով՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը նրա կյանքի ամենադժվարին քայլերից մեկն է եղել, բայց նա գիտակցված է գնացել այդ քայլին:
«Այո, թուրքերն իրականացրել են ցեղասպանություն: Այո, նրանք մեզանից խլել են կենսական կարեւորության տարածքներ: Այո, նրանք այդ հանցագործությունը կատարելուց հետո հարյուր տարի ժխտել են դա: Իսկ հանցագործության ժխտումը, միգուցե, ավելի վատ հանցագործություն է: Բայց, մյուս կողմից, ժամանակակից աշխարհում գրեթե չկան պետություններ, որոնք պատմական խնդիրներ, չլուծված հարցեր չունենան միմյանց հետ փոխհարաբերություններում: Նման մարտահրավերներին քաղաքակիրթ պատասխանը առանց նախապայմանների լայնածավալ համագործակցությունն է», - ասել է ՀՀ նախագահը:
Նա նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, սահմանների բացումն օգուտ կբերի ոչ միայն Հայաստանին ու Թուրքիային, այլ նաև Վրաստանին, Ադրբեջանին ու մեր ամբողջ տարածաշրջանին:
«Ուստի, ես սխալ էի համարում նեղացածի, տուժածի կեցվածք ընդունելը և սպասելը մինչև թուրքերն իրենք ընդունեն ցեղասպանությունը, հետո նոր միայն վերականգնել հարաբերությունները: Իմ մոտեցումը մեր հասարակության կողմից միանշանակ չընդունվեց, առավել ևս` Հայաստանի սահմաններից դուրս ապրող հայերի կողմից: Եվ դա հասկանալի է. մեր ժողովուրդը զգացմունքային է, այդ տարիներին յուրաքանչյուր հայ ընտանիք տուժել է: Ես հասկանում եմ այն մարդկանց, ովքեր երբեմն փողոց էին դուրս գալիս, որպեսզի, շատ դեպքերում` ոչ հաճելի բառերով, իրենց բողոքն արտահայտեն Թուրքիայի հետ հաշտեցման քաղաքականության դեմ: Բայց ես ուրախ եմ, որ մեր ժողովուրդը, վերջիվերջո, ընկալեց այդ գաղափարը: Կարծում եմ` հիմա շատ քիչ մարդիկ են մտածում, որ մենք սխալ ենք եղել», - նշել է ՀՀ նախագահը:
Նրա խոսքերով՝ նախաձեռնությունը թելադրված էր սթափ բանականությամբ և ամենևին չէր հակասում մեր ազգային շահերին
«Թուրքերի հետ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու մեր ցանկությունը որևէ կերպ չի նշանակում, թե մենք հրաժարվում ենք ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից, կամ ինչ-որ զիջումների ենք գնում: Որպեսզի թուրքերն ընդունեն ցեղասպանությունը, փորձվել են գրեթե բոլոր ուղիները` բացի ոչ թե բախումների, այլ այդ ժամանակների ողբերգությունը թուրք հասարակությանը բացատրելու ուղուց: Այս գործընթացն սկսելուց հետո թուրք հասարակության մեջ սկիզբ առան գործընթացներ, որոնք միգուցե շատերի համար անսպասելի էին. Թուրքիայի մեծ քաղաքներում երիտասարդները դուրս էին գալիս և խոսում ցեղասպանության մասին», - ասել է ՀՀ նախագահը:-0-