Գազի գների բարձրացման վերաբերյալ խոսակցությունները Հայաստանում վաղաժամ են, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ մեկնաբանելով տեղեկատվությունն այն մասին, որ ռուսական «Գազպրոմը» ծրագրում է բարձրացնել Հայաստան ներկրվող գազի գները մինչև եվրոպական մակարդակի։
«Տարեվերջին մենք սկսում ենք բանակցությունները ռուսական կողմի հետ գազի գների վերաբերյալ, որոնք կգործեն ընթացիկ տարվա ապրիլի մեկից։ Այս տարի բանակցությունները դեռևս չեն սկսվել, քանի որ ռուսական կողմն առայժմ չի հայտարարել գների հնարավոր փոփոխության մասին»,- ասաց նախարարը։
«Գազպրոմ» ԲԲԸ-ն և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն 2008 թվականին նոր պայմանագիր են ստորագրել Հայաստան գազամատակարարման վերաբերյալ, որը 2011 թվականից գազի գների աստիճանական աճ է նախատեսում մինչև եվրոպական մակարդակի։
Մովսիսյանը նշեց, որ երբ սկսվեն բանակցությունները, հայկական կողմն անպայման կփորձի պահել գները ցածր մակարդակի վրա։
Հայաստանում գազի սակագները 2010 թվականի ապրիլի մեկից աճել են 37 տոկոսով։ Ամսական մինչև 10 խ.մ. գազ օգտագործեղ բաժանորդների համար գազի սակագինը նախկին 96 դրամից աճել է մինչև 132 դրամ՝ մեկ խ.մ. գազի դիմաց, իսկ ամսական 10 խ.մետրից ավելի գազ օգտագործողների համար սակագինը կազմել է 243,13 դոլար հազար խորանարդ մետր գազի դիմաց՝ նախկին 215 դոլարի փոխարեն։
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման մենաշնորհային իրավունք ունի։ Գազը մուտք է գործում Հայաստան Վրաստանի տարածքով:
Ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին, «Գազպրոմ» ԲԲԸ-ի մասնաբաժինն ընկերության կանոնադրական կապիտալում կազմում է 80 տոկոս, Հայաստանի կառավարության բաժինը՝ 20 տոկոս: --0—