Հայաստանը մտադիր է 2020 թ.-ին կրկնապատկել կոնյակի արտադրության ծավալները

16.09.2010, 15:03
Հայաստանը մտադիր է 2020 թ.-ին կրկնապատկել կոնյակի արտադրության ծավալները
Հայաստանը մտադիր է 2020 թ.-ին կրկնապատկել կոնյակի արտադրության ծավալները

Հայաստանը, մշակված ռազմավարության համաձայն, մտադիր է 2020 թ.-ին կրկնապատկել կոնյակի արտադրության ծավալները՝ հասցնելով 20 000 հազար լիտրի, ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանը:

«Հայաստանը դեռ հետ է մնում ալկոհոլային խմիչքների արտադրության ծավալներով, և անհրաժեշտ է աշխատել այդ ուղղությամբ», - ասաց նա՝ հինգշաբթի ելույթ ունենալով Fruitfull Armenia գյուղատնտեսական ամենամյա ֆորումի ժամանակ:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, Հայաստանում արտադրված կոնյակի ծավալը 2009 թ.-ի հունվար-դեկտեմբերին, 2008 թ.-ի հունվար-դեկտեմբերի համեմատ, կրճատվել է 38,4 տոկոսով և կազմել 9869 հազար լիտր:

«Կոնյակի արտադրությունն անկում է ապրել ճգնաժամի պատճառով, ինչը մեզ շատ է մտահոգում, քանի որ դա մեր հիմնական ապրանքանիշն է, որի վրա պետք է աշխատենք և ավելացնենք ծավալները», - ասաց Ավետիսյանը:

Նրա խոսքերով՝ 1990-94 թթ.-ին տարվա ընթացքում միջինում արտադրվել է 30 221 հազար լիտր գինի, սակայն 2009 թ.-ին այդ ցուցանիշը կազմել է 4372,1 հազար լիտր: Փոխնախարարը տեղեկացրեց, որ նախարարությունը ծրագրում է 2020 թ.-ին երկրում գինու արտադրության ծավալները հասցնել 15 000 լիտրի:

Ավետիսյանը նշեց, որ ալկոհոլային խմիչքները կազմում են Հայաստանի ողջ արտահանման տասը տոկոսը, ընդ որում մեծ բաժին է հասնում կոնյակին: «Ցավոք, Հայաստան ալկոհոլի ներկրումը ևս աճել է, և հարկավոր է աշխատել արտահանման ծավալների ավելացման ուղղությամբ», - ասաց նա:

Վերջին տարիների ընթացքում Հայաստանում ավելացել է հետաքրքրությունը խաղողի մշակման նկատմամբ: Այժմ խաղողի համար հատկացված է 16,5 հազար հեկտար տարածք, որոնցից պտղաբեր են համարվում 14,4 հազար հեկտարը, իսկ խաղողի բերքն այս տարի կազմել է 215 հազար տոննա, ինչը 30 տոկոսով ավել է նախորդ տարվանից:-0-