Հայաստանում հաշմանդամների իրավունքների մասին նոր օրենք է մշակվում, հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանը:
«Օրինագծի մշակման գործընթացում ներգրավված է ինչպես մեր նախարարությունը, այնպես էլ այդ ոլորտում գործող բոլոր կազմակերպությունները», - ասաց Խաչատրյանը:
«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության ղեկավար Սուսաննա Թադևոսյանն իր հերթին նշեց, որ օրենքը նախատեսում է հաշմանդամների իրավունքների պաշտպանության երաշխիքներ և նրանց սոցիալական ինտեգրումը:
Օրենքի մշակումը նախաձեռնել են Հաշմանդամների իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային Հայաստանի միանալուց հետո:
«Պետությունը միշտ որոշակի պարտավորություններ է ունեցել հաշմանդամների առջև, սակայն Հայեցակարգին միանալը թույլ է տալիս հաշմանդամությունը դիտարկել ոչ թե որպես անձի խնդիր, այլ որպես բոլոր այն սահմանափակումների ազդեցություն, որոնք ստիպում են մարդկանց իրենց հաշմանդամ զգալ», - ասաց Թադևոսյանը:
Նրա խոսքերով՝ հենց արտաքին գործոնների փոփոխությունը, որոնք թույլ կտան հաշմանդամներին իրենց լիարժեք մարդ զգալ, այս ոլորտի առաջնահերթ խնդիրն է:
Հաշմանդամների իրավունքների կոնվենցիան ընդունվել է 2006 թ.-ի դեկտեմբերի 13-ին և ուժի մեջ է մտել 2008 թ.-ի մայիսի 3-ին: Կոնվենցիայի մասնակից-պետությունները պարտավորվում են ապահովել և խրախուսել մարդու բոլոր իրավունքների և բոլոր հաշմանդամների հիմնական ազատությունների ամբողջական իրագործումն առանց որևէ խտրականության:
Այս նպատակով մասնակից-պետությունները պարտավորվում են, մասնավորապես, ձեռնարկել անհրաժեշտ բոլոր օրենսդրական, վարչական և այլ միջոցառումները՝ իրավունքների իրագործման, գոյություն ունեցող օրենքները, որոշումները, սովորություններն ու ավանդույթները փոփոխելու կամ չեղյալ համարելու համար, որոնք հաշմանդամների նկատմամբ համարվում են խտրական, բոլոր ռազմավարություններում և ծրագրերում հաշվի առնել հաշմանդամների իրավունքների պաշտպանությունն ու խրախուսումը:
Հայաստանում Կոնվենցիան վավերացվել է 2010 թ.-ի մայիսի 17-ին: 2010 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում բնակվում է 179,2 հազար հաշմանդամ, հաշմանդամների 64 տոկոսը կամ ավելի քան 114,7 հազարը աշխատունակ տարիքի մարդիկ են:-0-