Հայաստանում «Եվրոպական ժառանգության օրեր» կանցկացվեն

Հայաստանում սեպտեմբերի 18-19-ը «Եվրոպական ժառանգության օրեր» կանցկացվեն` «Կամրջենք սերունդներին» խորագրի ներքո, հայտնեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը:
Եվրոպական մշակութային կոնվենցիան վավերացրած 50 պետություններ՝ 1985թ.-ից ի վեր մասնակցում են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի համատեղ միջոցառմանը՝ Եվրոպական ժառանգության օրերին:
«Այս տարվա միջոցառման կարգախոսը խորհրդանշում է նաև այն, որ այս օրերին քաղաքացիներին հնարավորություն կտրվի այցելելու այն վայրերը (թանգարաններ և պատմամշակութային վայրեր), որոնք սովորաբար փակ են հասարակության համար»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սամուելյանը:
Այդ կապակցությամբ նա պարզաբանեց, որ այն թանգարանների մուտքը, որտեղ միջոցառումներ կանցկացվեն, Օրերն անցկացնելու ժամանակահատվածում անվճար կլինի առավոտյան ժամը 11-ից մինչև երեկոյան ժամը 6-ի:
Ըստ փոխնախարարի, միջոցառման հանդիսավոր բացումը տեղի կունենա Գաֆեսճյան արվեստի կենտրոնին կից քանդակների պուրակում, որի շրջանակներում կներկայացվի «Երևանը լուսանկարներում. Երևանի անցյալն ու ներկան» լուսանկարների ցուցահանդեսը:
Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում տարբեր միջոցառումներ են ծրագրված հետևյալ թեմաներով` «Ժառանգության առանձին ձևերն ու տեսակները», «Ժառանգությունը տարբեր պատմական շրջաններում» և «Ժառանգության նկատմամբ հասարակության վերաբերմունքը»:
Այս տարի Հայաստանում Օրերի շրջանակներում շուրջ 40 տարբեր միջոցառումներ կանցկացվեն մայրաքաղաքում և հանրապետության մի շարք մարզերում:
Երևանում անցկացվող միջոցառումների շարքում Սամուելյանը նշեց ՀՀ ազգային պատկերասրահում անցկացվող «Տեսնել գույնի մեջ» ցուցահանդեսը, Հայաստանի Պատմության թանգարանում՝ դաջված վարագույրը, որը պատրաստվել է 1800թ.-ին Մադրասում, Մատենադարանում «Միջնադարյան մանրանկարչություն` վերականգնման յուրահատկություններն ու կրկնօրինակումը» վարպետության դասերը, գրող Հովհաննես Թումանյանի Տուն-թանգարանում՝ «Երկու դարի արանքում» լուսանկարիների ցուցահանդեսը, Արամ Խաչատրյանի Տուն-թանգարանում՝ կոմպոզիտոր Սաթյանի հետ հանդիպումը, գրող Ավետիք Իսահակյանի Տուն-թանգարանում՝ «Պիոներ կանչ» թերթի 85 -ամյակը:
«Գառնի հեթանոսական տաճարի դիմաց կկազմակերպվի «Մեր պարերն ու մենք» ազգագրական պարերը, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում կկազմակերպվի «Սերունդների ցուցահանդեսը», Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Օրբելի եղբայրների Տուն-թանգարանում կներկայացվի «Ծաղկաձորի գանձարանը», իսկ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Կերպարվեստի թանգարանում տեղի կունենա «Սերունդների երկխոսությունը» ցուցահանդեսը»,- ասաց փոխնախարարը:
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերն իր հերթին նշեց, որ Եվրոպական ժառանգության օրերի անցկացման նպատակը հասարակությանը սեփական մշակութային և պատմական ժառանգության հետ մերձեցնելն է:
«Այս օրերին մենք փորձում ենք ընդգծել եվրոպական մշակութային ժառանգության կարևորությունը, դրա հարստությունը և ցանկացած երկրում ունեցած բազմազանությունը, ինչպես նաև դրա ընդհանրությունը տարբեր պետություններում»,- ասաց նա:
Армения, которая присоединилась к Совету Европы в 2001 году , участвует в программе Дней европейского наследия с 2003 года. --0—
Հայաստանը, որը Եվրախորհրդին է միացել 2001թ.-ին, Եվրոպական ժառանգության օրերին մասնակցում է 2003թ.-ից: -0-