Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցու պատարարագին հայ պատմաբանների և փորձագետների ներկայությունն անհրաժեշտ է. թուրքագետ
Թուրքիայում գտնվող Սուրբ Խաչ վերականգնված հայկական եկեղեցու պատարագին հայտնի հայ պատմաբանների և փորձագետների ներկայությունն անհրաժեշտություն է, այդ կարծիքին է թուրքագետ Արտակ Շաքարյանը։
Սուրբ Խաչ եկեղեցին հայկական միջնադարյան ճարտարապետության ակնառու հուշարձաններից է: Այն կառուցվել է Վասպուրականի թագավորության ծաղկման ժամանակաշրջանում՝ 915-921 թթ.-ին՝ ճարտարապետ Մանվելի կողմից՝ Հայոց Գագիկ Արծրունի թագավորի գահակալության տարիներին:
Թուրքիան հայկական Սբ. Խաչ եկեղեցու վերականգնումը սկսել է միջազգային հանրության ճնշման ներքո: Դրա վերականգնման համար թուրքական իշխանությունները հատկացրել էին 1,5 մլն դոլար: Աշխատանքներն իրականացվել են Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից Վանի տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ: Այդուհանդերձ, Հայ Առաքելական Եկեղեցին որոշում է ընդունել չմասնակցել պատարագյին այն բանից հետո, երբ պարզվել է, որ եկեղեցու գմբեթին խաչ չի տեղադրվելու։
Ըստ Շաքարյանի՝ Սուրբ Էջմիածնի այս որոշումը ճիշտ է, սակայն որոշ մասնագետներ պետք է մասնակցեն միջոցառմանը։
«Ես կողմ եմ, որպեսզի հայտնի հայ պատմաբաններն ու վերլուծաբանները՝ հատկապես անգլարեն լեզուն լավ տիրապետողները, ներկա լինեն այդ միջոցառմանը և փչացնեն այդ ամբողջ խրախճանքը»,- ասաց նա։
Ըստ Շաքարյանի՝ ելնելով նրանից, որ այս իրադարձությունը համաշխարհային մամուլն է լուսաբանելու, անհրաժեշտ է, որպեսզի հայերի բացասական գնահատականը հնչեցվի, թե չէ դրա փոխարեն կհնչի այն տեսակետը, թե ով է դրական գնահատում այս իրադարձությունը։
«Նույնիսկ եթե դա թուրքական կողմի խաղ է, ամեն դեպքում անհրաժեշտ է մտնել այդ խաղի մեջ, փորձել խլել այն և սեփական ռազմավարությանը համապատասխան գործել»,- ասաց Շաքարյանը։
Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցու միջոցառումը ծրագրված է սեպտեմբերի 19-ին։ -0-