Հայաստանի պաշտպանության նախարարությունը որոնում է ռազմահագուստով մարդկանց նկատմամբ բռնության կադրերի հեղինակներին
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզում է Youtube-ում հանրապետության ԶՈւ համազգեստով մարդկանց նկատմամբ բռնության կադրերով տեսահոլովակի տեղադրման հանգամանքները, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունը:
Սեպտեմբերի 11-ին, «youtube» ցանցում շրջանառվում էր մի տեսանյութ, որտեղ ճնշումների, ծեծի և ստորության են ենթարկվում ՀՀ ԶՈւ համազգեստով երիտասարդներ:
«Տեսանյութի ցածր որակը թույլ չի տալիս պարզորոշ տեսնել դեմքեր, հստակ լսել հայերեն խոսքեր կամ արտահայտություններ: Սակայն, քանի որ շրջանառվող տեսանյութում պատկերվածները Հայկական բանակի համազգեստով են, այն մեծ վրդովմունք է առաջացրել հասարակության շրջանում»,- ասվում է հաղորդագրությունում:
«ՀՀ պաշտպանության նախարարությունը խստագույն դատապարտում է ՀՀ զինված ուժերի վարկաբեկմանն ու հեղինակազրկմանն ուղղված նման կարգի նյութերի պատրաստումը և կանխամտածված տարածումը»,- ընդգծեցին Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունում:
ՀՀ պաշտպանության նախարարությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկել տեսանյութի հավաստիությունը ճշտելու, պատկերվածների ինքնությունը պարզելու և հեղինակներին հայտնաբերելու, բռնություններ կիրառողներին պատժելու ուղղությամբ: -0-